Լուսանկարչության 2 լեզուները. տեսեք, թե գյումրեցի արվեստագետ Վազգենը ինչ տիպիկ բնութագրով է պատկերել սիրելի քաղաք Գյումրին

«Քաղաքը՝ նկարված հողաթափերով և իրական քաղաքը»․ այս խորագիրը երիտասարդ լուսանկարչի ստեղծած ֆոտոպատկերների տիպիկ բնութագիրն է։

Գյումրեցի լուսանկարիչ Վազգեն Ասատրյանն իր հետաքրքիր մեկնաբանությամբ ու մոտեցումներով լուսանկարներն է ցուցադրում «Ստիլ» գրաֆիկայի թանգարանում։
Վազգենը Գյումրին պատկերում է լուսանկարչական երկու լեզուներով՝ սթրիթ և ճարտարապետական լուսանկարչությամբ։ Իր առաջին անհատական ցուցահանդեսում ներկայացրել է 32 աշխատանք:

Վազգենը 10 տարի առաջ է փորձել լուսանկարչությամբ զբաղվել, մասնագիտական կրթություն չունի, ֆոտոխցիկը վերցրել է ձեռքն ու հասկացել, որ սթրիթ կամ փողոցային լուսանկարներն իր ոճն են: Ոգեշնչվում է երաժշտությունից, մարդկանցից, քաղաքից ու ապրեցնող քաղաքի կենսակերպից։

«Դուրս եկա փողոց ու մի պահ հասկացա, որ փողոցային լուսանկարներն են իմը, երբ ճարտարապետական կառույցները համադրում ես կենդանի էակի հետ՝ լինի դա մարդ, շուն կատու և այլն»,- ասում է Վազգենը։

Ցուցահանդեսի մի կողմում սթրիթ լուսանկարներն են, մյուսում՝ Վազգենի ստեղծած տարբերվող մեկնաբանությամբ աշխատանքները, որոնց խորագիրը համահունչ է կրեատիվ մոտեցմանը։ Վերնագրել է՝ «Քաղաքը հողաթափերով», հողաթափերն էլ բերել իր հետ ցուցահանդես: Լուսանկարներին նայելիս և՛ մի քիչ հումոր կտեսնես, և՛ Գյումրիին բնորոշ մշակութային գծեր:

Անսպառ երևակայությունը գործի կեսն արել է. օրինակ՝ համակարգչային ստեղնաշարը նմանեցրել է Գյումրիի փողոցների բուլիժնիկներին ու լուսանկար ստեղծել:

«Տան կենցաղային իրերը, օրինակ, հեռախոսն ինձ համար կամուրջ է հանդիսացել։ Ինքը լսելու միջոց է, ինձ համար կամուրջ է ու հետևում քաղաքի համայնապատկերն է»։

Երիտասարդ լուսանկարիչն իրեն համարում է ձմեռվա մարդ, սիրում է ցուրտ եղանակներին աշխատել, մայթեցիներ է անվանում անցորդներին, մարդկանց, որոնց նկատում է լուսանկարում: Վազգենի աշխատանքներում անկեղծություն ու անմիջականությունը միասին են։ Լուսանկարիչն իր երևակայությամբ է աշխատում, ցանկություններից մեկն է, որ Գյումրիում նման հատուկ մասնագիտական հարթակ ստեղծվի:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )