Լճաշենում ապօրինի հանքարդյունաբերությամբ զբաղվողները երկաթուղու նախկին աշխատողն է ու նրա պաշտոնյա եղբայրը

Օրերս ոստիկանությունը հայտնեց, որ ԱԱԾ-ի հետ համագործակցելով՝ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի Գեղարքունիքի տարածքային բաժնի պաշտոնատար անձանցից մեկը տարիներ շարունակ, սկսած 2009 թվականից, առանց համապատասխան թույլտվության, Լճաշեն գյուղում կազմակերպել է բազալտի ապօրինի հանքարդյունահանում եւ իրացում, պետությանը պատճառելով 36 միլիոն 380 հազար դրամից ավելի վնաս։
Մեզ հաջողվեց պարզել, որ ընկերությունը, որին պաշտոնյան հովանավորել է, չարաշահելով պաշտոնեական դիրքը, պատկանում է նրա եղբորը: Հավաստի տեղեկություն ունենք, որ խոսքը Գեղարքունիքում բազալտե խճաքարի ապօրինի արտադրությամբ զբաղվող ընկերության՝ «Ռուբոշ» ՍՊԸ-ի մասին է, որի սեփականատերը Սեւան քաղաքի բնակիչ, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ Սեւանի գծային ուղեմասի ինժեներ Ռուբեն Խաչատրյանն է, իսկ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի Գեղարքունիքի տարածքային բաժնի պաշտոնատար անձն Արայիկ Խաչատրյանն է։
Ժամանակին, երբ տեսչական մարմինները դեռ չէին ստեղծվել, նա երկար ժամանակ զբաղեցրել է «Սեւան» ազգային պարկի տեսչության պետի պաշտոնը:
«Ռուբոշ» ՍՊԸ-ն 2016 թվականին եղել է նաեւ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ մատակարարների շարքում եւ կարողացել է առանց պայմանագրի երկաթգծին մատակարարել մոտ 15 մլն ՀՀ դրամին համարժեք բազալտե խճաքար: Ռուբեն Խաչատրյանին ոմանք համարում են «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ անվտանգության գծով գլխավոր տնօրենի նախկին տեղակալ, ԱԱԾ նախկին գեներալ Արմեն Դարբինյանի մարդը եւ նրա հովանավորյալը։ Ըստ որոշ հրապարակումների, Դարբինյանը, որը ներկայում «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրենի խորհրդականն է, տեղյակ է եղել ինժեների գործերից: «Հրապարակի» հետ զրույցում ՀԿԵ գլխավոր տնօրենի խորհրդական Դարբինյանը հերքեց այս տեղեկությունը։ Նա ասաց, որ «Ռուբոշ» ՍՊԸ-ն եղել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ մատակարարների թվում։ «Սակայն դա տեւել է կարճ ժամանակ։ 2016 թվականին մեկ անգամ այդ ընկերությունը ընդամենը 16 կուբամետր խճաքար է մատակարարել։ Բայց քանի որ այդ խճաքարի որակը մեզ չէր բավարարում, նրանց հետ այլեւս պայմանագիր չի կնքվել»,- ասաց Դարբինյանը։ Նա նշեց, որ «Ռուբոշ» ընկերության նախագահ Ռուբեն Խաչատրյանը չի աշխատում երկաթուղում, թոշակի է գնացել, իսկ ինքը երբեք նրան չի հովանավորել։ Նույնը հայտնել է Քննչական կոմիտեում։ Վերջինս, ըստ Արմեն Դարբինյանի, ուսումնասիրել է եւ որեւէ «արատավորող» կապ «Երկաթուղու» եւ «Ռուբոշ» ՍՊԸ-ի միջեւ չի հայտնաբերել։
Ոստիկանությունից հաստատեցին, որ Լճաշենում ապօրինի հանքարդյունաբերություն ծավալող ընկերությունը հենց «Ռուբոշ» ՍՊԸ-ն է: Իսկ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ում երկաթուղու եւ դրա աշխատակիցների դեմ հարուցված վարույթները համարում են «Լիոն Փրինթինգ» ՍՊԸ փոխտնօրեն Սամվել Սահակյանի ձեռքի գործը։ Այս ընկերությունը, ըստ ՀԿԵ խոսնակի, տարիներ շարունակ շուկայականից բարձր գներով «Երկաթգծի» համար մատակարարումներ է կատարել, իսկ երբ ՀԿԵ անվտանգության ծառայության պետ Արմեն Դարբինյանը բացահայտել է դա, եւ հարաբերությունները «Լիոն Փրինթինգ»-ի հետ դադարեցվել են, վերջինս անցել է «հարձակման»։
Մեզ, սակայն, ավելի հետաքրքրում են ոչ թե ռուսական ընկերության եւ դրա հակառակորդների փոխհրաձգությունները, այլ Լճաշենում հայտնաբերված ապօրինի հանքարդյունաբերության վերաբերյալ քրեական գործը, որի շուրջ որեւէ տեղեկություն չկա։ Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Վիգեն Ավետիսյանից փորձեցինք ճշտել, թե ինչպես է պատահել, որ իրենց աշխատակիցը, չարաշահելով պաշտոնեական դիրքը, հովանավորել է եղբոր ընկերության ապօրինությունները։ Ավետիսյանի մամուլի քարտուղարը հայտնեց, որ Արայիկ Խաչատրյանն այս պահին էլ աշխատում է բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի Գեղարքունիքի բաժնում։ Թե ինչ պաշտոն է զբաղեցնում, մամուլի քարտուղարին ճշտել չէր հաջողվել։ Նա մեզ հաղորդեց հետեւյալը․ «Տեսչությունն իրավապահ մարմիներից որեւէ որոշում չի ստացել որեւէ աշխատակցի վերաբերյալ, որի հիման վրա տեսչությունը պետք է դադարեցնի նրա պաշտոնավարումը»։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )