<<Դեղին բաճկոններն>> իրենց աջակցությունն են հայտնել Չիլիում ընթացող ցույցերի մասնակիցներին
«Դեղին բաճկոններ» շարժման նախաձեռնող խումբը շաբաթ արդեն 50-րդ անգամ է իր աջակիցներին դուրս բերել Ֆրանսիայի քաղաքների փողոցներ: Չնայած կլոր թվին, ցուցարարների շարքերը վերջին երեք շաբաթվա համեմատ նոսրացել են, հաղորդում է ТАСС-ը:
Աղբյուրը նշում է, որ, այնուամենայնիվ, շարժման անդամները հույսը չեն կորցնում և ակնկալում են, որ նոյեմբերի 16-ին՝ բողոքի ցույցերի մեկնարկից ուղիղ մեկ տարի անց, աջակիցների շարքերը կրկին կհամալրվեն:
Հարյուրավոր մարդիկ երթով անցել են Փարիզի արևելյան թաղամասերով: Այս անգամ «դեղին բաճկոններն» իրենց աջակցությունն են հայտնել Չիլիում ընթացող բողոքի ակցիաների մասնակիցներին, որոնք փողոց են դուրս եկել հոկտեմբերի 14-ից՝ մետրոյի տոմսի գնի բարձրացումից հետո:
«Դեղին բաճկոններն» իսպաներեն գրությամբ պաստառներ են պարզել՝ համերաշխություն հայտնելով Չիլիի ժողովրդին և դատապարտելով այդ երկրի իշխանությունների կողմից դրսևորվող «բռնաճնշումները»:
Նշվում է, որ ոստիկանների հետ բախումներից «դեղին բաճկոնները» չեն խուսափել, իրավապահները ցուցարարների դեմ արցունքաբեր գազ են կիրառել: Ցուցարարները փողոցում են մնացել մինչև ուշ երեկո, նրանք աղբամաններ են այրել և քարեր շպրտել ոստիկանների ուղղությամբ: Բերման ենթարկվածների մասին տեղեկություն չի հաղորդվում:
