Իրաքցի իրավապաշտպանները հաղորդել են 63 ցուցարարի մահվան մասին
Իրաքցի իրավապաշտպանները շաբաթ հայտարարել են, որ երկրում ընթացող հակակառավարական բողոքի ակցիաների ընթացքում մահացել է 63, վիրավորվել ավելի քան 2,5 հազար մարդ, հաղորդում է РИА Новости-ն:
«Ցուցարարները մահացել են Բաղդադի, Մայսանի, Դի-Կարի, Բասրայի, Մուտաննայի, Դիվանիյայի, Բաբիլի շրջաններում ընթացող ակցիաների ժամանակ, վիրավորների թիվը 2595 է», – ասված է Մարդու իրավունքների գերագույն հանձնաժողովի հայտարարության մեջ:
Նշվում է, որ ուրբաթ հանձնաժողովը հաղորդել է 30 զոհի մասին:
Ըստ հայտարարության՝ երկու օրում վնաս են հասցվել 83 պետական շինություններին և քաղաքական կուսակցությունների գրասենյակներին:
Բաղդադում ուրբաթ և շաբաթ ոստիկանությունը արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ է կիրառել՝ ցրելու ցուցարարներին, որոնք փորձել են ներխուժել «կանաչ գոտի», որտեղ գտնվում են կառավարական շենքերը և արտասահմանյան դիվանագիտական ներկայացուցչությունները: Ցուցարարները հրկիզել են Մուտաննա, Վասիտ, Դի-Կար, Մայսոն քաղաքների ընտրական հանձնաժողովի, քաղաքապետարանի շենքերը, մի շարք քաղաքական կուսակցությունների գրասենյակներ:
Ցուցարարները պահանջում են կառավարության հրաժարականը, պայքար կոռուպցիայի, գործազրկության դեմ, ավելի լավ կենսապայմաններ:
