Իրատեսական է, որ մոսկովյան ահաբեկչության հեղինակը հենց ԻՊ ահաբեկչական խմբավորումն է. Արմեն Պետրոսյան

Արաբագետ Արմեն Պետրոսյանը գրում է.

«Չնայած տարաբնույթ, նաև հասկանալի քաղաքական և քարոզչական շահարկումներին, այնուամենայնիվ խիստ իրատեսական է, որ մոսկովյան Crocus City Hall-ում իրականացված ահաբեկչության հեղինակը հենց «Իսլամական պետություն»(ԻՊ) ահաբեկչական խմբավորումն է։

Զուտ հիշեցման համար` այս հարձակումն ընթացիկ տարվա ընթացքում առնվազն երրորդ մասշտաբային մահաբեր գործողությունն է, որի պատասխանատվությունը ստանձնել է հենց այս կառույցը, և նրա տարածած հայտարարություններին պաշտոնական հերքումներ չեն եղել։

Առաջինը հունվարի 3-ին Իրանի Քերման քաղաքում գեներալ Ղասեմ Սոլեյմանիի մահվան տարելիցին նվիրված երթի ընթացքում կազմակերպված պայթյուններն էին, որոնց զոհ գնաց 93 մարդ։

Երկրորդը հուվարի 28-ին Ստամբուլի կաթոլիկ եկեղեցիներից մեկի վրա կատարված հարձակումն էր, որի հետևանքով զոհվել է առնվազն 1 մարդ։

Մոսկովյան ահաբեկչությունն այս պահին ամենամասշտաբայինն է։

Ուշագրավ է, որ վերոնշյալ բոլոր երեք հարձակումների ընթացքում էլ առանցքային դերակատարում են ունեցել Տաջիկստանի քաղաքացիները։

Այնուամենայնիվ, կանխատեսելի էր, որ աշխարհում ակտիվացած գլոբալ և ռեգիոնալ հակամարտությունների, աշխարհաքաղաքական նման դիմակայության ֆոնին իրենց մասին կփորձեն հիշեցնել նաև ավանդական ահաբեկչական կառույցները՝ չնայած, որ գաղափարական առումով նրանց ակտիվացման համար իրավիճակը գոնե առայժմ այնքան էլ բարենպաստ չէ»։

Share This