Իսպանիայում ընթանում են այս տարվա երկրորդ խորհրդարանական ընտրությունները
Իսպանիայում կիրակի ընթանում են այս տարվա երկրորդ խորհրդարանական ընտրությունները, որոնց անցկացմամբ իշխող սոցիալիստական կուսակցությունը ցանկանում է կարգավորել ներքին քաղաքական ճգնաժամը:
Ինչպես հաղորդում է РБК-ն, նախորդ քվեարկությունը, որը ևս արտահերթ էր, անցկացվել է ապրիլին: Այն ժամանակ լավագույն արդյունքը ցույց էր տվել 2018-ի հունիսից իշխող Իսպանիայի սոցիալիստական աշխատավորական կուսակցությունը, սակայն միայնակ կառավարություն կազմել չի կարողացել պատգամավորների ոչ բավարար քանակի պատճառով:
Բանակցությունները Podemos ձախական կուսակցության հետ ավարտվել էին ձախողմամբ: Արդյունքում սեպտեմբերին Ֆիլիպ VI թագավորը հրամանագիր էր ստորագրել խորհրդարանի երկու պալատների նոր ընտրություններ անցկացնելու մասին:
Հարցումները ցույց են տալիս, որ այս անգամ ևս կուսակցություններից ոչ մեկը չի ստանա ձայների մեծամասնությունը, որն անհրաժեշտ է կառավարություն կազմելու համար: Սոցիալիստները կրկին հավակնում են առաջին տեղում հայտնվել, սակայն ցուցանիշներն ավելի ցածր կլինեն, քան ապրիլին: Գարնանը նրանց օգտին քվեարկել էր ընտրողների 28.67 տոկոսը, այժմ ակնկալվում է 26.63 տոկոս:
350 տեղանոց Պատգամավորների կոնգրեսը (խորհրդարանի ստորին պալատ) ընտրվում է համամասնական ընտրակարգով՝ 3 տոկոսանոց անցումային շեմով: Սենատը (վերին պալատ) կազմված է 266 անդամից, որոնցից 208-ն ընտրվում են անմիջական քվեարկությամբ մեծամասնական ընտրակարգով, իսկ մյուս 58-ը նշանակվում են տարածաշրջանային խորհրդարանների կողմից:
