ԻՆՉ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ՊԵՏԸ

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում վերջապես ավարտվել է հանրակրթության վարչության պետի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթը։ Հիշեցնենք, որ այս պաշտոնի համար 21 հոգի էր դիմել, առաջին փուլը հաղթահարել էր ընդամենը 3 հոգի, և այս 3 հոգուց հաղթող է ճանաչվել Արսեն Բաղդասարյանը։

Հիշեցնենք նաև, որ այս պաշտոնը շուրջ 1 տարի թափուր էր։ Մենք գրել էինք, որ Բաղդասարյանը նախարարության իրավաբանական վարչության աշխատող է։ Մենք կապվեցինք Բաղդասարյանի հետ, և նա այլ կենագրական տվյալներ էլ հաղորդեց․

«Ես 2007 թվականից աշխատանքի եմ ընդունվել կրթության տեսչական մարմնում՝ հանրակրթության տեսչավորման բաժնում, 7 տարի աշխատել եմ տեսչությունում, 2014 թվականին տեղափոխվել եմ կրթության և գիտության նախարարության իրավաբանական վարչություն, և մինչ հանրակրթության վարչության պետ նշանակվելս աշխատել եմ տվյալ վարչությունում։ Այսինքն՝ ես կրթության բնագառավռում 14 տարվա աշխատանքային փորձ ունեմ»,- ասաց Բաղդասարյանը։

Նրան հարցրինք՝ կոնկրետ հանրակրթության ոլորոտում բավարար փորձ ունի՞, կարո՞ղ է այդ ոլորտը համակարգել՝ նկատի ունենալով, որ իրավաբանական վարչությունում է աշխատել, և ենթադրվում է, որ իրավաբան է․

«Ես 2007 թվականից, երբ ընդունվել  եմ կրթության տեսչական մարմին, հանրակրթության տեսչավորման բաժնում եմ աշխատել 7 տարի, որից հետո տեղափոխվել եմ իրավաբանական վարչություն։ Ունեմ 2 կրթություն՝ և՛  ԵՊՀ միջազգային հարաբերություններ, և՛ իրավագիտություն։ Իրավաբանական վարչությունում էլ համագործակցել եմ հանրակրթության վարչության հետ՝ իրավական, օրենսդրական բարփոխումների առումով»,- պատասխանեց Բաղդասարյանը։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )