Ինչ է ուզում Սվիտալսկին մեր դատա-իրավական համակարգից

Ինչ է ուզում Սվիտալսկին մեր դատա-իրավական համակարգից Եվրամիությունը պատրաստ է աջակցել Հայաստանին դատաիրավական բարեփոխումների կատարման գործընթացում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին՝ խոսելով դատաիրավական համակարգում կատարվող փոփոխությունների մասին: Պարզ խոսքով ասած՝ Եվրոպական Միությունը պատրաստվում է դատաիրավական համակարգում եղանակ թելադրող լինել, ակնարկելով, որ պատրաստ է փող տալ դրա համար։ Հասկանալի է, որ Եվրոպական Միությունը, Միացյալ Նահանգները եւ Արեւմուտքն առհասարակ հետեւում են չգրված մի կանոնի՝ ով վճարում է, նա էլ պատվիրում է երաժշտությունը։ Դատաիրավական համակարգը այն օղակն է, որի միջոցով Եվրոպական Միությունը կարող է պարզապես սկսել Հայաստանի՝ Ռուսաստանից ուղեգծից պոկման գործընթացը։ Նայենք ինչ է կատարվում Ուկրաինայում։ Դրամաշնորհ բարեփոխումների դիմաց, ավելին ավելիի դիմաց սկզբունքը հանգեցրել է արդեն լյուստրացիայի ոչ միայն ներկա ժամանակների, այլ նաեւ պատմական որոշակի փուլերի ու դա արդեն բերել է նրան, որ սկսվի տոտալ ռուսատյացություն։ Սա արդեն ոչ միայն բուն դատաիրավական համակարգի խնդիրն է, այլ ողջ պետության եւ ընդհանուր աշխարհաքաղաքական ու ռեգիոնալ-քաղաքական լանդշաֆթի ու միջավայրի փոփոխության կարող է այն բերել։ Իհարկե, անկախ կայացած դատական ու իրավական համակարգ ունենալը որեւէ երկրի համար զարգացման թիվ մեկ նախապայմանն է, սակայն կարեւոր է, որպեսզի Երեւանը կարողանա ճիշտ խուսանավել ու հասնել այն բանին, որ չկրկնվեն գունավոր հեղափոխություններին հատուկ սցենարները, հատկապես, որ Սվիտալսկին էլ է ակնարկում, որ կատարյալ համակարգեր չկան ոչ մի տեղ ու նույնիսկ եվրոպական ընտանիքը զերծ չէ այդ ոլորտի խնիրներից։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )