Ինչ է կատարվում այս օրերին Ադրբեջանում. Ադրբեջանագետը փակագծեր է բացում

Վերջին օրերին Ադրբեջանում ձերբակալվել են մի շարք հայտնի սյունակագիրներ, հետազոտողներ, լրագրողներ, որոնք հիմնականում տարբեր հոդվածներ ունեն արևմտյան ֆինանսավորմամբ մի քանի պարբերականներում, քննադատում են վարչակարգը, երբեմն խոսում են, որ վարչակարգին ձեռնտու է թշնամանքի տարածումը և այլն, և այլն, այսպիսի հրապարակումներ են անում,-այս մասին տեղեկացնում է ադրբեջանագետ Տաթեւիկ Հայրապետյանը, ընդգծելով.

-Ես ուզում եմ հիշեցնել, որ դեռև անցած տարվա հուլիսից Ադրբեջանում ձերբակալությունների ենթարկվեցին հենց այն մարդիկ, որոնք շրջափակման օրերին հանդես էին գալիս բլոկադան դադարեցնելու օգտին, երբ ասում էին, որ չպետք է այս ճանապարհով գնալ։ Այսինքն՝ այս միտումը, որ հենց այսպիսի մարդիկ են թիրախավորվում, բնականաբար, նշանակում է, որ այնտեղ խաղաղության մասին զրույցն արգելված է, ու այս ամենի կոնտեքստում Ադրբեջանի ղեկավարությունը հանդես է գալիս այն խոսույթի շրջանակներում, որ Հայաստանի տարածքը կոչում է «Արևմտյան Ադրբեջան», ու եթե դու այս ամենը չես տեսնում, չես ուզում ռեալ գնահատել ու ստեղծում ես զուգահեռ իրականություն, թե Ադրբեջանը գնում է խաղաղության, սա նշանակում է, որ դու հերթական անգամ զբաղված ես ինքնախաբեությամբ։

– Իսկ Բաքվում անազատության մեջ պահվող հայերին ի՞նչ ճանապարհով է հնարավոր հետ բերել, ի՞նչը կստիպի Ալիևին գնալ այդ քայլին։

– Պետք է շարունակել միջազգային աղմուկ ու ճնշում գործադրել դրա հետ կապված, պետք է փորձել այդ խաղաղության պայմանագրի կամ նման քննարկումների շրջանակներում նախապայման դնել այդ հարցով՝ եթե գնում ենք խաղաղության ճանապարհով, ապա այնտեղ չի կարող էթնիկ հայ պահվել, ու տարբեր այլ մեթոդներով, դատարաններով պետք է հասնել նրանց ազատ արձակմանը։

Երբ Հայաստանը հայց է ներկայացրել Միջազգային քրեական դատարան՝ Ադրբեջանին մեղադրելով հայերի դեմ ատելության քարոզի համար ու եթե հետևողական լինի այդ հայցի պարագայում, ապա այնտեղ հայերի մնալը կդիտվի որպես վտանգ նրանց կյանքին։ Այսինքն՝ կան տարբեր մեթոդներ, հիմնականում միջազգային, դիվանագիտական, իրավական, որոնք համատեղ գործադրելու դեպքում կարող են արդյունք տալ, բայց, ցավոք սրտի, Հայաստանը կառավարող ուժի շրջանակներում անգամ երբեմն խոսում են այդ ակտերից հրաժարվելու մասին, իսկ դա կարող է իրոք կործանարար ու վտանգավոր հետևանքներ ունենալ։

Share This