Ինչ է լինելու գազի գնի հարցում հայ-ռուսական բանակցությունների վերջը

Ռուսական «Կոմեսանտ» պարբերականին տված բավական ընդարձակ հարցազրույցում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաեւ գազի գնի հարցին։ Այս առնչությամբ, եթե նաեւ ավելացնենք նրա մյուս հայտարարությունները, որոնք արվել են տարբեր ձեւաչափերում պաշտոնական հանդիպումների ու գագաթնաժողովների ժամանակ, կարող ենք հետաքրքիր մի ուրվապատկեր ստանալ, կապված այն բանակցությունների հետ, որոնք այժմ Երեւանը վարում է Մոսկվայի հետ, մոտավոր կանխատեսելով նաեւ դրա ելքը։ Եվ այսպես, այն որ Հայաստանին մատակարարվող գազը թանկացել է, հասկանալի է բոլորիս։ Սա կարելի է ասել, արդեն անփոփոխելի հաստատություն իրողություն է։ Հետեւաբար հայկական կողմը բանակցելու հարցում կարող է մանեւրել երկու ուղղությամբ՝ 1․ ներքին սպառողին հասցվող գնագոյացումը այնպես ձեւավորելու, որ ծանրաբեռնում հասարակ քաղաքացու վրա կամ չլինի, կամ էլ լինի մինիմալ, 2․ ներքին գնագոյացման ծանրությունը մեղմելու համար առաջ մղել գազի վճարումները ազգային արժույթով կատարելու փոխհաշվարկային սկզբունքը, որի մասին արդեն մեկ կամ երկու անգամ խոսել է Փաշինյանը։ Ինչ կարող է սա նշանակել․ ա․ «Գազպրոմ Արմենիան» շարունակում է որոշակի ժամանակ եւս իր վրա կրել այն հավելյալ ֆինանսական ծանրությունը, որով ներքին սպառողի համար չի թանկանալւ գինը, իսկ հետո էլ դա կարելի է արդեն օրինակ համամասնաբար բաժանել խոշոր բիզնեսի վրա, այնպես, որ տնտեսական զարգացման՝ Փաշինյանի մատնանշած դրական տեմպն ու դինամիկան հանկարծ չխաթարվի, եւ բ․ վճարումների փոխադարձ հաշվարկները ազգային արժույթով կատարելու դեպքում արդեն Հայաստանը կազատվի դոլար գնելու եւ դոլարով վճարում անելու բեռից, ու կկարողանա մանեւրել այնպես, որ ներքին սպառողի վրա ծանրությունը չլինի։ Հնարավոր է նաեւ երկու մեթոդն էլ փորձեն աշխատեցնել, ու այդ դեպքում արդեն արժութային տարբերությունից մնացած գումարը, պլյուս դոլար չգնելու արդյունքում տնտեսումները կարելի կլինի ուղղել ու գինը սուբսիդավորել։ Սա վատ մեխանիզմ չէ, մնում է, որ Երեւանն ունենա բավարար կամք, այն առաջ մղելու համար։ Իհարկե, փոխարենը Մոսկվան ինչ որ բան կարող է ուզել։ Հարց է արդյոք այդ ինչ որ բանը միայն կենսալաբորատորիաներն են, թե էլի բան կա, որ դեռ իմանալու ենք։
