Ինչքա՞ն աջակցություն կստանան երեխա ունեցող ընտանիքները, որոնք հիփոթեք են փակում. Կառավարության նոր ծրագիրը

Կառավարությունն ընդունեց երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության՝ 2024-2026 թվականների ծրագիրը, որի համաձայն՝ երեխա ունեցող ընտանիքներին կտրվի ֆինանսական աջակցություն՝ ուղղված հիփոթեքին:

Ծրագիրը կունենա երկու բաղադրիչ. առաջինը՝ միանվագ դրամական աջակցություն մարզային բնակավայրերում հիփոթեքի միջոցով բնակարան ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու համար, և երկրորդը՝ երեխայի ծնունդով պայմանավորված աջակցություն՝ հիփոթեքի վարկ մարող ընտանիքներին:

Հիմնական պայմաններն են՝ շահառուն պետք է ունենա երկու անչափահաս երեխա: Աջակցության չափերը կազմում են ձեռք բերվող բնակարանի 5 տոկոսը, բայց ոչ ավելի, քան 1 միլիոն դրամը, որին ավելանում է 3-րդ և հաջորդ յուրաքանչյուր երեխայի համար բնակարանի արժեքի 5 տոկոսը, բայց ոչ ավելի, քան 500 հազար դրամ՝ յուրաքանչյուր երեխայի գծով: Աջակցության առավելագույն չափը 2 միլիոն դրամ է:

Երկրորդ բաղադրիչով աջակցություն է տրամադրվում հիփոթեքային վարկ մարող ընտանիքին, որտեղ ծնվում է երեխա, և աջակցությունն ուղղվում է վարկի մնացորդի մայր գումարի մարմանը: Դիմելու օրվա դրությամբ վարկը սպասարկվելու է առնվազն 12 ամիս:

Վարկառուն պետք է լինի ՀՀ քաղաքացի, և եթե անշարժ գույքը գտնվում է սահմանամերձ կամ այլ բնակավայրերում, որտեղ կառուցվում է դպրոց կամ մանկապարտեզ, ապա ծրագրին ավելանում է ևս 50 տոկոս:

Ծրագիրը վերաբերում է նաև այն կանանց, որոնք ամուսին չունեն, բայց ուզում են վերարտադրողական ճանապարհով երեխա ունենալ:

Share This