Ինչպես տարբերել մելանոման հասարակ անվնաս խալից
Մելանոման մաշկի քաղցկեղի ամենավտանգավոր տեսակներից է, որի վաղ հայտնաբերումը զգալիորեն բարձրացնում է բարեհաջող բուժման հավանականությունը: Իտալացի բժիշկները ներկայացրել են, թե ինչպես կարելի է այս վտանգավոր հիվանդությունը տարբերել հասարակ անվնաս խալից:
Մելանոման զարգանում է, երբ մելանին արտադրող բջիջներում գենետիկ խանգարումներ են տեղի ունենում: Հիվանդության զարգացման հիմնական հայտնի պատճառներից են արևի ու ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությունը: Բացի այդ, գիտնականներն ապացուցել են, որ այս չարորակ հիվանդությունն առավել հաճախ ախտորոշվում է կանանց մոտ և որպես կանոն ախտահարում է բաց գույնի մաշկ ունեցողներին:
Չարորակ նորագոյացությունը կարող է զարգանալ մարմնի ցանկացած հատվածում, սակայն ավելի վտանգված են արևի ճառագայթների ազդեցության տակ գտնվող հատվածները: Ի տարբերություն խալերի, մելանոման սովորաբար ունենում է ասիմետրիկ եզրեր: Բացի այդ, բնածին կամ ձեռքբերովի խալերն ունենում են հավասար ու հարթ եզրեր, մինչդեռ չարորակ ուռուցքի դեպքում եզրերը կարող են անհարթ լինել: Վտանգավոր հիվանդության մասին կարող է վկայել նաև խալի տրամագիծը, որը գերազանցում է 6 մմ-ը, ինչպես նաև խալի կամ պիգմենտային հետքի արագ աճը:
Բժիշկները նախազգուշացնում են, որ հազվադեպ դեպքերում մելանոման կարող է ներաճել անգամ մարմնի որոշ հատվածներում՝ դառնալով գրեթե աննկատելի: Օրինակ՝ այն կարող է զարգանալ եղունգների տակ, բերանի խոռոչում կամ տարբեր օրգանների լորձաթաղանթների վրա: Նման դեպքերում քաղցկեղի ախտորոշումն ավելի է դժվարանում, քանի որ մարդիկ այն հաճախ շփոթում են այլ տարածված հիվանդությունների հետ:
Նյութի աղբյուրը՝ actualnews.org
