Ինչպես մեղմել ծնկահոդի ցավը. 4 արդյունավետ բնական միջոց
Հոդացավերը շատ տարածված խնդիր են և կարող են պայմանավորված լինել տարբեր գործոններով՝ դառնալով բավական տհաճ «անակնկալ» յուրաքանչյուրի համար: Այս ցավերը բացասաբար են անդրադառնում մարդու շարժունակության վրա, ինչն էլ իր ազդեցությունն է ունենում նաև նրա կյանքի որակի վրա, ուստի զարմանալի չէ, որ մարդիկ փորձում են հնարավորինս արագ մեղմել դրանք: Հատկապես տարածված խնդիր է ծնկահոդի ցավը, որն էլ ավելի է սրվում ֆիզիկական աշխատանք կատարելու դեպքում։
Սովորաբար ծնկահոդի ցավը մեղմելու համար մասնագետները խորհուրդ են տալիս օգտագործել հատուկ քսուքներ ու դեղահաբեր, սակայն, բարեբախտաբար, կան նաև նույնքան արդյունավետ, բայց շատ ավելի հասանելի ու անվնաս բնական միջոցներ, որոնք կօգնեն մեղմել ցավն առանց դեղորայքի և չեն առաջացնի կողմնակի բարդություններ: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այդ միջոցներից լավագույնները։
- ½ բողկը քերիչով մանրացնել, ավելացնել երկու ճաշի գդալ մեղր ու լավ խառնել։ Քսել խառնուրդը մաքրու կտորին, այնուհետև դնել կոմպրեսը հիվանդ հոդին ու թողնել կես ժամ։ Այս պրոցեդուրայից հետո խորհուրդ է տրվում ծածկվել տաք ծածկոցով ու պառկել քնելու։
- Ծովաբողկի տերևը խոհանոցային մուճիկով մի փոքր տրորել, այնուհետև դնել հիվանդ ծնկին ու ամրացնել մաքուր կտորով։ Այս վիրակապը հարկավոր է թողնել մինչև տերևը չորանա։
- Խառնել մեկական ճաշի գդալ ազնվամորու տերևները, սրոհունդն ու կղմուխը, բոլոր բույսերը լավ մանրացնել, այնուհետև խառնուրդի 2 ճաշի գդալին ավելացնել կես լիտր եռման ջուր ու 15 րոպե դնել տաք գոլորշու վրա։ Լցնել հեղուկը թերմոսի մեջ, թրմել ևս կես ժամ, այնուհետև քամել։ Մաքուր կտորը թրջել ստացված թուրմով, դնել կոմպրեսը հիվանդ հոդին ու թողնել երկու ժամ։
- 200 գրամ լվածաղկի ծաղիկներին ավելացնել կես լիտր օղի և մեկ շաբաթ թրմել որևէ մութ տեղում՝ ժամանակ առ ժամանակ թափահարելով տարան։ Պատրաստ լինելուն պես ոգեթուրմը քամել ու օգտագործել հիվանդ հոդին քսելու համար։
Այս բնական միջոցները շատ արդյունավետ են ու հասանելի, սակայն հարկ է հիշել, որ առողջական լուրջ խնդիրների և ուժեղ ցավերի դեպքում հարկավոր է անպայման դիմել մասնագետին, քանի որ ինքնաբուժությունը կարող է խիստ վնասակար լինել ու էլ ավելի վատթարացնել հիվանդի վիճակը: Բացի այդ, միայն փորձառու մասնագետը կկարողանա պարզել խնդրի պատճառն ու նշանակել անհրաժեշտ բուժումը, որը կլինի արդյունավետ ու չի առաջացնի կողմնակի բարդություններ:
