Ինչպես հաղթահարել խուճապային գրոհը. պարզ ու արդյունավետ խորհուրդներ
Խուճապային գրոհը կարող է լուրջ խնդիր դառնալ ու խիստ բացասաբար անդրադառնալ մարդու կյանքի որակի վրա, մինչդեռ իրականում սա արտակարգ իրավիճակների դեմ պայքարի մեխանիզմ է, որը կիրառում է մարդու օրգանիզմը: Շատ հաճախ խուճապային գրոհի դեմ պայքարելը բավական բարդ է լինում, սակայն կան շատ արդյունավետ խորհուրդներ, որոնք կօգնեն հաղթահարել այս խնդիրը:
Չպայքարել
Ոչ մի դեպքում չի կարելի դիմադրել խուճապային գրոհին ու փորձել հնարավորինս զսպել հույզերը, քանի որ դա հակաարդյունավետ կլինի: Երբ մարդը դիմադրում է, խուճապային գրոհը պարզապես անտանելի է դառնում: Հետազոտությունները ցույց են տվել, որ խուճապային գրոհի դեպքում մարդը պետք է թույլ տա, որ այն հնարավորինս շուտ անցնի, ինչը նշանակում է, որ պետք չէ դիմակայել:
Լինել անկեղծ սեփական անձի հետ
Խուճապային գրոհի ժամանակ մարդը պետք է համոզի ինքն իրեն, որ դա հեենց խուճապային գրոհն է, այլ ոչ թե մտացածին վախերի իրականացումը: Օրինակ՝ մարդը կարող է վախենալ սրտամկանի ինֆարկտից, ինչի հետևանքով նրա մոտ ի հայտ կգան այս խանգարմանը բնորոշ բոլոր ախտըանշանները, մինչդեռ իրականում խնդիրը պայմանավորված կլինի խուճապային գրոհով: Նման դեպքերում հարկավոր է խոսել սեփական անձի հետ և համոզվել, որ վտանգավոր ոչինչ չկա:
Հիշել, որ շուտով ամեն ինչ կվերջանա
Հարկավոր է միշտ հիշել, որ խուճապային գրոհները երկար չեն տևում: Դրանց առավելագույն տևողությունը 10 րոպեն է, ուստի անհրաժեշտ է պարզապես մի փոքր համբերել և միշտ հիշել, որ գրոհը շուտով կվերջանա:
Ճիշտ շնչել
Խուճապային գրոհը կարող է գլխապտույտ առաջացնել, ուստի խորը շնչառությունն այս դեպքում շատ կարևոր է: Սովորաբար խուճապային գրոհի դեպքում մարդը չափազանց արագ է շնչում և «կուլ է տալիս» օդը, սակայն շնչառությունը կարգավորելը կօգնի շատ արագ ազատվել տհաճ ախտանշաններից:
Շեղել ուշադրությունը
Խուճապային գրոհը հնարավորինս արագ հաղթահարելու համար հարկավոր է առաջին հերթին կենտրոնացնել ուշադրությունը որևէ այլ բանի վրա: Կարելի է զրուցել որևէ մեկի հետ, փորձել երգ երգել կամ դուրս գալ զբոսանքի: Հարկ է հիշել, որ խուճապային գրահի պատճառ կարող է դառնալ անգամ արտաքին միջավայրը, ուստի հարկավոր է փորձել փոխել այն:
Նյութի աղբյուրը՝ medikforum.ru
