ԻՆՉՊԵՍ ԼՈՒԾԵԼ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԱՆԼՈՒԾԵԼԻ ԹՎԱՑՈՂ ՊՐՈԲԼԵՄԸ
Դեռ 30 տարի առաջ Երեւանում կար քաղաքային տրանսպորտ. տրամվայը՝ 3 կոպեկ, տրոլեյբուսը՝ 4, ավտոբուսը՝ 5: Կային նաեւ երթուղային տաքսիներ, որոնք, սակայն, կատարում էին օժանդակ դեր եւ նույնպես էժան էին: Չեմ կարող ասել, թե դրանք իդեալական էին աշխատում, բայց երեւանցին չէր ամաչում այլ տեղերից եկած հյուրերից՝ քաղաքային տրանսպորտի խղճուկ վիճակի համար: Եվ զբոսաշրջիկները նույնպես երթեւեկում էին դրանով: Այսօր նրանք, երեւի, տեսանկարահանում են այդ խղճուկ «տրանսպորտից» օգտվողներին եւ ցուցադրում իրենց երկրներում, ինչպես որ մենք էինք լուսանկարում էկզոտիկ երկրների ուղեւորներին, որոնք երթեւեկում էին փոխադրամիջոցների տանիքներին նստած կամ պատուհաններից կախված վիճակում:
Ինչպես էին ձեւավորվում տրանսպորտային սակագները
Արդեն նշեցի, թե որքան էժան էին Երեւանի քաղաքային տրանսպորտի սակագները: Կոպեկներ: Այդ գները չէին հատուցում ծախսերը, այդ պատճառով էլ տրամադրվում էին դոտացիաներ: Բայց քանի որ մեր երկրում կար միայն մեկ բիզնեսմեն՝ պետությունը, նա տրանսպորտի էժանությունը հատուցում էր այլ բիզնեսներից ստացված եկամուտներով:
Իսկ այդ բիզնեսներն աշխատում էին մեծ եկամտաբերությամբ, ինչն այն ժամանակ ոչ ոք չէր թաքցնում: Ինչպես որ այսօր է տեղի ունենում, երբ նույնիսկ ոսկու մեր ամենամեծ հանքավայրը, իբրեւ թե, եկամտաբեր չէ: Եվ այդ մեկ բիզնեսմենը՝ պետությունը, չէր համարում, թե տրանսպորտի պրոբլեմը հենց երեւանցու պրոբլեմն է. թող ինչպես ուզում է՝ մի կերպ հասնի աշխատատեղ կամ իր ուզած վայրը: Եվ իր գրպանի հաշվին տրանսպորտը դարձնի եկամտաբեր: Եթե այդպես մտածեր, կտուժեին պետության մյուս բիզնեսները: Չէ՞ որ նաեւ տրանսպորտի աշխատանքից է կախված տնտեսության այլ օբյեկտների գործունեությունը:
30 տարի առաջ իրավիճակ փոխվեց: Իշխանության եկածները հնարեցին վաուչերները, որոնց միջոցով կարողացան կոպեկներով սեփականաշնորհել բիզնեսները եւ փոշիացնել դրանք՝ վաճառելով գործարաններում եւ ֆաբրիկաներում առկա ամեն ինչ, ներառյալ արտասահմանյան նորագույն թանկարժեք հաստոցներն ու սարքավորումները, որոնք մեր կոմունիստ ղեկավարները ԽՍՀՄ պետպլանում կաշառքներ տալով՝ հաջողացրել էին բերել Հայաստան: Հանրապետությունից դուրս բերվեց նաեւ ոչ պակաս թանկարժեք շինտեխնիկան, որն աշխարհի շատ երկրներից էին ուղարկել՝ օգնելու երկրաշարժից տուժած մեր աղետի գոտուն: Իսկ գործարանների եւ հիմնարկությունների դատարկված շենքերը, եթե դրանք գտնվում էին Երեւանում, օգտագործվեցին որպես վարձով տրվող բիզնես կենտրոններ, խանութներ, հյուրանոցներ: Եթե ոչ՝ ավերվեցին, եւ վաճառվեց դրանց մեջ եղած ամեն ինչը՝ պատուհան եւ դուռ, երկաթե ամրան եւ քար:
Իսկ տրանսպորտը, մեր նոր իշխանությունները, փաստացի, վերածեցին առանձին մի բիզնեսի, որը պետք է շահույթ ապահովեր իր տիրոջը, քանի որ քաղաքապետարանի համապատասխան վարչության աշխատակիցներն իրենց գլուխը չէին ցանկանում կամ էլ ի վիճակի չէին ծանրաբեռնել տրամվայի, տրոլեյբուսի, ավտոբուսի պարկերն ու դրանց մեծաթիվ կոլեկտիվներին ղեկավարելու հոգսերով:
Նրանք ընտրեցին իրենց գլուխն ազատելու հեշտ ուղի՝ պարզեցրին «քաղաքային տրանսպորտ» հասկացությունը. վերացնելով տրամվայը, համարյա զրոյացրին տրոլեյբուս կոչվածը, նվազագույնի հասցրին ավտոբուսների քանակը: Իսկ երթուղային տաքսիները դարձրին քաղաքային տրանսպորտի հիմնական միջոց: Բայց որպեսզի այդ գլխացավանքից էլ ազատվեն, դրանց գծերը հանեցին մրցույթի կամ, գուցե, թաքնված վաճառքի եւ տվեցին առանձին գծատերերի: Վերջինները գնեցին «գազել»-ներ, որոնք, փաստացի, վարձով տվեցին հավաքագրված վարորդներին՝ պահանջելով նրանցից օրավարձ: Իսկ մնացած ամեն ինչը՝ տրանսպորտային միջոցի սարքին եւ պատշաճ վիճակում լինելը, վարորդների առողջական վիճակը, ուղեւորների երթեւեկության պայմանները եւ այլն, փաստորեն, դարձան ոչ կարեւոր եւ մնացին առանձին վարորդների խղճին:
Այդպիսով, երթուղային տաքսիներն օժանդակ փոխադրամիջոցից վերածվեցին մայրաքաղաքի հիմնական քաղաքային տրանսպորտի միջոցի: Եվ որպեսզի 100 դրամ սակագնի պարագայում դրանք դառնան եկամտաբեր, վարորդները պետք է 1․5-2 անգամ ավելի շատ ուղեւոր տեղավորեն դրանցում, քան նախատեսված է անվտանգության եւ այլ կանոններով: Դա հասկանում են բոլորը, եւ այն «պայքարը», որը ժամանակ առ ժամանակ ծագում է երթուղայիններով կանգնած ուղեւորներ տեղափոխելու դեմ, ձեւական բնույթ է կրում:
Ինչպես պետք է ձեւավորվեն քաղաքային տրանսպորտի սակագները
Քանի որ սովորական երեւանցին ի վիճակի չէ վճարել 200-250 դրամ, ինչպես որ հաշվարկել են տրանսպորտի պատասխանատուները, առաջարկում ենք պահպանել 100 դրամ վարձավճարը: Իսկ մնացած ծախսերը հատուցել կա՛մ պետության եւ մայրաքաղաքի բյուջեներից, կա՛մ էլ Երեւանի բյուջեից եւ նրա բոլոր բիզնեսների ու հիմնարկ-ձեռնարկությունների վրա դրված նոր՝ տրանսպորտային հարկատեսակից ստացված գումարներից: Այդ հարկատեսակը չի լինի մեծ, քանի որ դրա հարկատուների քանակը կլինի մեծ: Կշահեն բոլորը: Նաեւ բիզնեսներն ու հիմնարկ-ձեռնարկությունները: Չէ՞ որ դրանց աշխատանքը կախված է տրանսպորտի աշխատանքից ու դրա որակից:
Գրիգոր Էմին-Տերյան
