Ինչպե՞ս մատուցել միսը փոքրիկին, որ չհրաժարվի
Մսամթերքը պարունակում է նաև շատ կալցիում ու B, D վիտամիններ, պոլիչհագեցած ճարպաթթուներ։ Միսն այն սնունդն է, որի շնորհիվ բալիկը ստանում է կալիումի, ֆոսֆորի և մագնեզիումի անհրաժեշտ քանակ։ Ու թեև օգտակար հատկությունների շարքը մեծ է, առանձնանում են փոքրիկներ, որ չեն ցանկանում միս ուտել։ Այդպիսի դեպքերում ծնողները կարող են փորձել սնունդը մատուցել հետաքրքրաշարժ ձևով և հասկանալ՝ այդ դեպքու՞մ էլ է հրաժարվում, թե՞ ոչ։
Եկեք փորձենք միսը մատուցել տնակի տեսքով։ Հացի քառակուսաձև կտորը դնում ենք ափսեի մեջ ու շարում վրան խաշած մսի ուղղանկյունաձև կտորներ։ Ստացվում է, որ հացը տան արտաքին պատն է, իսկ մսի կտորները՝ աղյուսները։ Տնակի շրջակայքը, բնությունը կարելի է պատկերել վարունգի երկարավուն, ոչ հաստ շերտերի, կանաչու միջոցով։ Կտուրի մասում դնում ենք եռանկյուն հաց, որի վրա էլ կարելի է լցնել մանրացված ծաղկակաղամբ, կտրատված լոլիկ։ Ծխնելույզից դուրս եկող ծուխը պատկերում ենք կաթնաշոռով կամ թթվասերով։ Արևի համար կարող ենք օգտագործել դեղին պանիր, դռան ու պատուհանի համար՝ սպիտակ պանիր։ Դռան բռնակի տեղում դնում ենք ոլոռի, եգիպտացորենի հատիկ։
