Ինչու է նախկին հանրապետական պատգամավորի տնօրեն դուստրը խանգարում կարատեի մարզումների անցկացմանը

Ավելի քան 15 տարի Երեւանի երկու դպրոցներում՝ թիվ 125 եւ թիվ 44, իրականացվում էին կարատեի մարզումներ՝ JKS Armenia կարատեի ֆեդերացիայի կողմից։ Սակայն վերջին շրջանում, դպրոցի տնօրենները անհասկանալի պատճառներով թույլ չեն տալիս, որ մարզումները շարունակվեն։ Ֆեդերացիայի նախագահն է Սերգեյ Խաչատրյանը։ «Ամբիոնին» հասցեագրված նամակում մանրամասնել են, որ իրենք նույնիսկ պարապում են աուտիզմ ունեցող երեխաների հետ։ Ունեն մասնաճյուղեր Դիլիջանում եւ Արցախում։ Ուշագրավ է այն, որ բացառապես անվճար պարապմունքների անխաթար կազմակերպման ու անցկացման համար տարիներ շարունակ բարերարություն է արել ամերիկաբնակ Էլվիս Մադաթյանը, ով իրականացնում է մարզիչների աշխատավարձների վճարումը։ Ուշագրավ է այն, որ 125 դպրոցի տնօրենը Լիլիթ Անտոնյանն է նախկին հանրապետական պատգամավոր Ռուզաննա Մուրադյանի դուստրը եւ արգելքի դեպքում կա նաեւ քաղաքական բաղադրիչ։ Բանն այն է, որ «թավշյա հեղափոխության օրերին մասնակցել են ցույցերին եւ ըստ շրջանառվող լուրերի, հիմա Լիլիթ Անտոնյանը «վրեժ է լուծում»։ Ծնողները պատրաստ են բողոքելու։ Դիմել են այսօրվա իշխանության մաս կազմող պատգամավորներին, սակայն ստացել են «ցրողական» պատասխան՝ «տնօրենը ինչ ուզի կանի»։ Բարերարն էլ է զայրացել։ Անհասկանալի է նրա համար, թե ինչու հանրապետականների ժամանակ ամեն ինչ հարթ էր, իսկ հիմա արհեստական խոչընդոտներ են հարուցվում։ «Ամբիոնը» փորձեց կապ հաստատել նաեւ թիվ 125 դպրոցի տնօրեն Լիլիթ Անտոնյանի հետ։ Վերջինս խուսափեց մեր հարցերին պատասխանելուց, ասելով որ դասի է, իսկ հետո էլ՝ նրա հեռախոսը դարձավ անհասանելի։ Հավելենք, որ մարզվում են այստեղ նաեւ կույր երեխաներ եւ ընդհանուր միտումը երեխաների կոփումն է։
