Ինչու՞ է բադմինտոնը Հոնկոնգում դարձել սեքսի ծածկագիր
Հոնկոնգի կրթական բյուրոն ակամայից բադմինտոնին բոլորովին նոր իմաստ է տվել:
Անցյալ շաբաթ հրապարակված ուսումնական նյութերում «Դեռահասները եւ ինտիմ հարաբերությունները» կոչվող մոդուլը սեքսով զբաղվել ցանկացող դեռահասներին առաջարկում է «միասին բադմինտոն խաղալ»:
Նյութերը ներառում են նաեւ «Իմ հանձնառությունը» կոչվող ձեւաթուղթ, որը խնդրում է «երիտասարդ սիրահարներին» հաստատել, որ նրանք կկիրառեն «ինքնակարգապահություն, ինքնատիրապետում եւ դիմադրություն պոռնոգրաֆիայի նկատմամբ», հաղորդում է BBC-ն։
Նոր նյութերը զարմանք ու քննադատություն են առաջացրել «իրականությունից դուրս» լինելու պատճառով։ Սակայն պաշտոնյաները պաշտպանել են որոշումը: Միեւնույն ժամանակ, սոցիալական ցանցերը լցված են կատակներով, որոնք կենտրոնացած են «բադմինտոն խաղի» վրա։
Նույնիսկ օլիմպիական բադմինտոնիստ Ցե Ին Սյուետը չի կարողացել զսպել եւ մեկնաբանություն է թողել:
«Բոլորը գրանցվում են բադմինտոն խաղալու համար: Արդյո՞ք բոլորն իսկապես բադմինտոն սիրում են»,-նա իր զարմանքն է արտահայտել Threads-ում:
Սիրողական բադմինտոն խաղացող Թոմաս Թանգին կատակները եւ սպորտի նկատմամբ հետաքրքրության հանկարծակի աճը անհարմարություն են պատճառել: «Նախկինում այն պարզապես առողջ սպորտ էր, բայց հիմա, եթե մարդկանց առաջարկում ես բադմինտոն խաղալ, նրանք սկսում են կատակել»,-ասել է նա՝ հավելելով, որ զավեշտն այն է, որ բադմինթոնն իրականում տղաների համար աղջիկների հետ ծանոթանալու լավ միջոց է:
Կրթության բյուրոյի փաստաթղթերում ասվում է նաեւ, որ մոդուլի նպատակներից մեկը ուսանողներին օգնելն էր սովորել սեռական երեւակայություններին եւ ազդակներին դիմակայելու ուղիները, եւ այն նախատեսված չէր նրանց սեքսով զբաղվել խրախուսելու համար: 
