Ինչո՞ւ են Հայաստանում դեղերի գները ավելի բարձր, քան Վրաստանում.
Քանի որ Հայաստանում դեղերի վրա կիրառվում է ավելացված արժեքի հարկ, դրանց գներն ավելի բարձր են, քան օրինակ, հարեւան Վրաստանում: Այս մասին այսօր՝ հունվարի 12-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
«Հաջորդիվ ազդում է այն, որ Հայաստանն իրենից փոքր շուկա է հանդիսանում եւ դեղորայքային կազմակերպությունների գնային քաղաքականությունը տվյալ շուկայում լինելու տարբերվում է մեծ շուկաներից: Այսինքն կան մի շարք հանգամանքներ, որոնք նպաստում են որոշ դեղերի գների բարձրացմանը: Բայց պետք է ընդհանուր առմամբ նայել. Մենք չենք կարող մեկ դեղի գնի տարբերությունները դիտարկել որպես դեղորայքի գնային տարբերություններ»,-ասաց նա: Անահիտ Ավանեսյանը նաև նշեց, որ Դեղերի փորձագիտական կենտրոնի իրավական ձևի փոփոխության արդյունքում դեղերի գրանցման գները չեն նվազի, քանի որ երեք տարի առաջ դրանք արդեն բավականին նվազեցվել են։ Հիշեցնենք որ Դեղերի փորձագիտական կենտրոնը առևտրային կազմակերպությունից վերափոխվում է ՊՈԱԿ–ի։
Նախարարը հավելեց, որ առողջապահության ապահովագրության բարեփոխման շրջանակներում նաեւ դեղերի գնորդի եւ գների կարգավորման մեխանիզմները ազդելու են նաեւ դեղորայքի գների վրա. «Այսինքն շատ ավելի մատչելի եւ մրցակցային գներով են ձեռք բերվելու դեղերը, եւ արդյունքում պետությունն ու քաղաքացին ավելի քիչ է վճարելու դեղերի համար»:
