Ինչո՞ւ ենք հայաստանցիներս այսքան անհանգստացած Ռուսաստանում տեղի ունեցող իրադարձություններով

Ինչո՞ւ ենք հայաստանցիներս այսքան անհանգստացած Ռուսաստանում տեղի ունեցող իրադարձություններով; Որովհետև Հայաստանի ղեկավարներն անցած 30 տարում Վանո Սիրադեղյանի խոսքերով ասած՝ Հայաստանը, որպես մատաղացու կապել են ռուսական զորքի գումակին։ Հայաստանի ղեկավարները , ուժային կառույցների ղեկավարները, գեներալները, քաղաքական կուսակցությունների մեծ մասի առաջնորդները կատարել ու կատարում են Կրեմլի հրահանգները, եթե անգամ դրանք դեմ են Հայաստանի շահերին։ Դրա հետևանքով ունեցանք 2016թվականի և 2020թվականի պատերազմները, Արցախում տեղակայված խաղաղապահ կոչվող ռուսական զորք, որը չի կատարում 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, Լաչինի միջանցքով չի ապահովում մարդկանց և բեռների ազատ տեղաշարժը։ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը նախկինում ստեղծված ծանր իրավիճակի առավել ծանր հետևանք է, 2018-ին այն քաղաքական թատրոն թավշյա հեղափոխությամբ, ժողովրդին որպես մեծ, շարժական դեկոր օգտագործելով, գցեցին Հայաստանի ջեբը։ Կայսերապետական Ռուսաստանին ձեռնտու չէ քիչ թե շատ անկախ Հայաստանը, Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատումը, այն իրականացնում է հայտնի <<Բաժանիր, որ տիրես>>քաղաքականությունը։ Պրիգոժինի բունտի հետ կապված իրավիճակը հարթվեց, սակայն Ռուսաստանում տիրող համակարգային ճգնաժամը չի հաղթահարվել։ Առջևում մեծ ցնցումներ են, մեծ փոփոխություններ , որոնց Հայաստանը պատրաստ չէ, և ումո՞վ պետք է պատրաստ լինի՝ Նիկոլ Փաշինյանի պարտվողական իշխանությա՞մբ, դրսից ղեկավարվող ընդդիմությա՞մբ, թե՞ ամեն ինչից արդեն հոգնած, ոչ մեկի և ոչնչի չհավատացող հանրությամբ։
Share This