Իլոն Մասկը Գոհաբանության օրը Դոնալդ Թրամփի նստավայրում զրուցել է Սիլվեստր Ստալոնեի հետ

Իլոն Մասկն ու Դոնալդ Թրամփը անբաժան են եղել վերջինիս ընտրություններում հաղթանակից հետո։ Tesla-ի գործադիր տնօրենը եղել է Գոհաբանության օրվա առթիվ Թրամփի Մար-ա-Լագոյի նստավայրում կազմակերպված միջոցառման հայտնի հյուրերի թվում:

Սոցցանցերում տարածված տեսանյութում Մասկը երեւում է մոր՝ Մեյի և դերասան Սիլվեստր Ստալոնեի հետ:

Մասկը իր X միկրոբլոգում գրել է, որ դերասանի հետ քննարկել է նրա՝ 1993 թվականին նկարահանված «Քանդող մարդը» ֆիլմը, ինչպես նաև պարել է «YMCA» երգի ներքո, որը դարձել է վիրուսային պար Թրամփի նախընտրական հանրահավաքների ժամանակ:

Թրամփն ընտրել է Մասկին՝ ղեկավարելու իր նոր վարչակազմի Կառավարության արդյունավետության բաժինը՝ իր վերընտրության քարոզարշավին առնվազն 119 միլիոն դոլար նվիրաբերելուց հետո:

Միլիարդատերը և նրա մայրը ճաշել են Թրամփի ընտանիքի անդամների, այդ թվում՝ կնոջ՝ Մելանիայի և կրտսեր որդու՝ Բարոնի հետ։

Ինչպես նշում է Business Insider-ը, Մասկը միակ տեխնոլոգիական գործադիրը չէ, ով մասնակցել է Մար-ա-Լագոյի Գոհաբանության օրվա տոնակատարությանը:

Meta-ի գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգը Գոհաբանության օրվա նախօրեին ճաշել է Թրամփի հետ։

Facebook-ի համահիմնադիրն իր սոցիալական ցանցերում չի նշել այցի մասին։

Ցուկերբերգը դժվար հարաբերություններ է ունեցել Թրամփի հետ, ով այս տարվա սկզբին սպառնացել էր բանտարկել նրան, եթե վերընտրվի:

Meta-ի գործադիր տնօրենն ավելի վաղ Թրամփի դեմ հուլիսին տեղի ունեցած մահափորձը որակել էր որպես «զարմանալի» և ընտրություններից հետո շնորհավորել նախկին նախագահին «վճռական հաղթանակի» կապակցությամբ։

 

Share This