«Ժողովուրդ». ՀՀ անձնագրային կետերում քաոս է, իսկ ղեկավար մարմինները դափնիների վրա են հանգստանում
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Վերջին շրջանում՝ տուրիստական սեզոնի ակտիվացմանը զուգահեռ, բացի դեսպանատներից՝ հանգստի մեկնողների համար ահռելի խնդիրներ են առաջացրել ՀՀ անձնագրային կետերը։ «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրությունը քաղաքացիներից բազմաթիվ ահազանգներ է ստանում առ այն, որ Երեւանի անձնագրային կետերում, որտեղ հերթագրման համակարգ է գործում, ամիսներով տեղեր չկան՝ դիմումներ ընդունելու եւ անձնագրեր փոխելու։
Երեւանում իրենց հերթին անհույս սպասող հանգստի մեկնողների այլընտրանք դառնում են մարզային անձնագրային կետերը, սակայն այստեղ խնդիրն այլ է. մարզերում չեն գործում էլեկտրոնային հերթագրման համակարգեր։ Բացի սրանից՝ մեծ խնդիր է առաջացրել անձնագրայինների միացման հարցը, օրինակ՝ Չարենցավանի անձնագրայինի միացումը Հրազդան քաղաքի անձնագրայինին։
Քաղաքացիներից մեկը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց. «…էջմիածնում է այլանդակություն, Աբովյանում, Հրազդանում, Երեւանի ցանկացած անձնագրային մտեք, այլանդակություն է. ահավոր վիճակ է, սրանք, աչքը սարքելու փոխարեն, ունքն են հանել»:
«Ժողովուրդ» օրաթերթի բազմաթիվ զանգերին ՀՀ միգրացիոն ծառայության հանրային կապերի պատասխանատու Նելլի Դավթյանը չպատասխանեց։
Ոլորտը քաոսում է, իսկ ղեկավար մարմինները դափնիների վրա են հանգստանում»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
