Թրամփի խոստացած պատժամիջոցները կարող են լուրջ հարված հասցնել Ռուսաստանին․ Reuters
Reuters-ը գնահատում է Ռուսաստանի դեմ երկրորդական պատժամիջոցների հնարավոր հետևանքները։ Գործակալության վերլուծաբանի գնահատմամբ՝ այդ քայլերը կարող են լուրջ հարված լինել Ռուսաստանի նավթային արտահանմանը, սակայն նավթով զբաղվող գործարարները դեռ չեն հավատում, որ Սպիտակ տան ղեկավարը կգործի ըստ իր սպառնալիքների։
Գործակալությունն ընդգծում է, որ վերջին տարիներին նավթի վաճառքից ստացված եկամուտները կազմել են Ռուսաստանի պետական բյուջեի 30-50 տոկոսը և հանդիսանում են Կրեմլի հիմնական ֆինանսական աղբյուրը։ Միևնույն ժամանակ, ռուսական նավթի գլխավոր գնորդներն են Չինաստանը, Հնդկաստանը և Թուրքիան։
Այս պահին արևմտյան երկրները սահմանել են ռուսական նավթի գնի վերին շեմ՝ 60 դոլար, սակայն Մոսկվան կարողացել է արդյունավետ կերպով շրջանցել այդ սահմանափակումները, այդ թվում՝ «ստվերային նավատորմի» միջոցով։
Հրապարակման մեջ նշվում է, որ եթե Թրամփի վարչակազմը իրականում սահմանի 100 տոկոսանոց երկրորդական մաքսադրույք այն երկրների նկատմամբ, որոնք շարունակում են առևտուրը Ռուսաստանի հետ, ապա «դա կարող է կտրուկ նվազեցնել Ռուսաստանի նավթային եկամուտները, քանի որ սահմանափակելու է գործող պատժամիջոցները շրջանցելու հնարավորությունները»։
«Սակայն նավթով զբաղվող գործարարները դրան չեն հավատում։ Թրամփի հայտարարություններից հետո նավթի գինը իրականում նվազել է ավելի քան մեկ դոլարով, ինչը վկայում է ներդրողների անվստահության մասին, որը կապված է Թրամփի սպառնալիքների իրականացման հնարավորության հետ», — ասվում է հրապարակման մեջ։
Դրա պատճառն այն է, որ «ռուսական նավթի արտահանման դեմ արդյունավետ երկրորդական պատժամիջոցները, ամենայն հավանականությամբ, կհանգեցնեն համաշխարհային էներգետիկ շուկայում գների կտրուկ աճի»։
Դա «կուժեղացնի համաշխարհային գնաճային ճնշումը և ի վերջո, վնաս կհասցնի ամերիկյան սպառողներին, ինչը Թրամփը չի ցանկանում»,— նշում է Reuters-ը։
«Փաստորեն, ներդրողները խաղադրույք են կատարում նրա վրա, որ որքան ավելի ծայրահեղ են Թրամփի սպառնալիքները, այնքան փոքր է դրանց իրականացման հավանականությունը։ Դա վատ խաղադրույք չէ, բայց նաև բավականին ռիսկային է»,- եզրակացնում է գործակալությունը։
Երկուշաբթի օրը Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ երկրորդական պատժամիջոցներ կկիրառի, եթե վերջինս 50 օրվա ընթացքում չհամաձայնի Ուկրաինայում խաղաղության համաձայնագիր կնքել։
