Թուրքիան «գցե՞լ» կամ «գցու՞մ» է Ռուսաստանին
Թուրքիան «գցե՞լ» կամ «գցու՞մ» է Ռուսաստանին: Իհարկե ոչ:
Թուրքիան լինելով արեւմտյան քաղաքականության դաշտում, միաժամանակ օգտվելով ԱՄՆ-Ռուսաստան ռազմավարական, Բրիտանիա-Ռուսաստան էքզիստենցիալ դիմակայության հանգամանքից, փորձել եւ փորձում է դրսեւորել առավելագույնս հավակնոտ քաղաքականություն:
Դրանում ինչ որ բան ստացվում է, ինչ որ բան՝ ոչ, բայց այդպես է բոլոր դեպքերում, ոչ մի քաղաքական սուբյեկտի մոտ չկա ամեն բան ստացվելու ռեժիմ:
Ռուս-թուրքական հարաբերությունը իր հետագծով ու ներկայով պայմանավորված է հենց այն հանգամանքով, որ Թուրքիան երբեք էլ «երես չի թեքել» Արեւմուտքից: Նրանք ունեն փոխադարձ անհրաժեշտություն, միաժամանակ՝ Արեւմուտքն ուզում է որեւէ կերպ թույլ չտալ դուրս գալ կառավարելիությունից, իսկ Թուրքիան չդնելով այդպիսի խնդիր, միաժամանակ ուզում է հասնել «արեւմտյան ռազմավարությանը» համահունչ ակոսի մեջ առավելագույն ինքնուրույնության:
Դրա միջոցներից մեկը Անկարան դիտում է Ռուսաստանի հետ հարաբերությունը: Ռուսաստանն իր հերթին զգում է դրա կարիքը, ինչպես վերը նշեցի՝ Արեւմուտքի հետ իր ռազմավարական, էքզիստենցիալ ռազմա-քաղաքական դիմակայության բերումով, որքան էլ պատկերացնում է, որ Թուրքիան այդուհանդերձ արեւմտյան լայն ազդեցության դաշտում է եւ հենց դրանում է նաեւ տեսնում Ռուսաստանի հետ հարաբերությունում իր ուժի կարեւոր բաղադրիչներից մեկը:
Արեւմուտքը ռուս-թուրքական հարաբերության այդ «մեխանիկան» դիտում է երկուսի հանդեպ էլ ազդեցության լծակ:
Մեծ հաշվով, ըստ իս կա ահա այսպիսի բավականին խրթին «եռանկյունի», որի ներսում է գտնվում Հայաստանը:
