ԹՄՐԱՆՅՈՒԹԵՐԻ ՆՈՐ ՇՂԹԱ Է ԲԱՑԱՀԱՅՏՎԵԼ` ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Արհեստական թմրանյութերի շղթան հասել է մարզեր: Օգոստոսի 1-ին ոստիկանությունն Ապարանում հատուկ օպերացիա է իրականացրել, ըստ մեր աղբյուրի, հենց վաճառքի պահին ձերբակալվել է 3 անձ՝ Ապարանի բնակիչներ, որից մեկը պաշտոնատար անձ է և ունի դեղատուն Ապարանում։ «Հրապարակին» փոխանցված տվյալների համաձայն, նա Պետռեգսիտրի գործակալության պետծառայող է, մյուս երկուսից տվյալներ չունենք:

Ուշագրավ է, որ 2023 թ-ը թմրայութերի դեմ պայքարի տարի հռչակած ոստիկանությունը զգուշավոր լռությամբ թաքցնում է պաշտոնատար անձի մասնակցությամբ ձերբակալության լուրը։ Եթե մի նախկին պաշտոնյա լիներ, իհարկե, վաղուց էին հրապարակել: Կասկածյալներին բերման ենթարկելուց երեք օր է անցել, կնշանակի ժամ ժամ կալանքի կիրառման կամ ազատ արձակման որոշում պիտի կայացվի, բայց Քննչականը խորհրդավոր լուռ է` հաղորդագրություն չկա։

Ապարանի բնակիչներն այս լռությունը կապում են Արագածոտնի մարզում իշխող ՔՊ-ականների հետ։ Համոզված են, որ քուչակցի ՔՊ-ական պատգամավոր Մաթևոս Ասատրյանի հետ որոշակի շփումներն են գուցե զսպում իրավապահներին: Ոմանք էլ պնդում են, թե այս տղաները ՔՊ-ամերձ են դարձել ՝ գարնանը պաշտոնանկ արված Արագածոտնի փոխմարզպետ Էդգար Փարվանյանի միջոցով: Իսկ մարզի բնակիչները հիշեցնում են մեկ տարի առաջ այս օրերին Ապարանում ողբերգական սպանությունների միջադեպը ու դրան հետևած ծածկադփոց անելու փորձը:

«Դաժան մարդն էսօր անտեր չի, հովանավոր ունի, ճիշտ է թմրանյութերի համար մարդ են բռնել, բայց վերևից թույլ չեն տա պատժել մեր երեխեքին թունավորող հանցակազմին, իրենց հետ լավ հարաբերությունների մեջ են: Հիշեք` անցած տարի Ապարանում յոթ ջահելի վրա կրակեցին, երեք մատղաշ երեխու կյանք տարան, բայց մի կրակողին հազիվ գտան, էն էլ պարզվեց նիկոլական էր, մինչև հիմա չեն դատում, որովհետև խաբելու ձևը գտել են, հանցագործները վերևներում կռիշ ունեն, ՔՊ-ական պատգամավոր ու նախարար կարան խաղացնեն», – ասաց ապարացիներից մեկը:

 

Share This