Թմրամիջոցների օգտագործմամբ փորձաքննության համար լիցենզիայի պահանջին առնչվող նախագիծը հավանություն է ստացել
ՀՀ ազգային ժողովի առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն է տվել թմրամիջոցների օգտագործմամբ փորձաքննության համար լիցենզիայի պահանջին առնչվող նախագծին: ՔՊ-ի պատգամավորների «Թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը հավանություն է ստացել հանձնաժողովի հունվարի 13-ի նիստում:
Գործող օրենքով թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի օգտագործմամբ փորձաքննություններ անցկացնելու համար նախատեսվում է լիցենզիայի առկայություն: Նախանշված են նաև բացառություններ Առողջապահության եւ Արդարադատության նախարարությունների ենթակայությամբ գործող ՊՈԱԿ-ների եւ Ոստիկանության համապատասխան ստորաբաժանման համար»,-ներկայացրել է համահեղինակ Նարեկ Զեյնալյանը:
Նա նշել է, որ սակայն ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի «Փորձաքննությունների ազգային բյուրո» պետական ոչ առեւտրային կազմակերպությունը դուրս է մնացել նշված բացառությունների ցանկից: Այսպիսով` օրինագծով առաջարկվում է Արդարադատության եւ Առողջապահության նախարարությունների ենթակայության տակ գտնվող ՊՈԱԿ-ները հանել բացառությունների ցանկից` թողնելով միայն Ոստիկանության համապատասխան ստորաբաժանումը, որը, ըստ էության, վերահսկող մարմին է:
Նախագծի ընդունման արդյունքում կապահովվեն իրավահավասար պայմաններ ՀՀ քրեական դատավարության ընթացակարգերով նախատեսված` դատական փորձաքննություններ իրականացնող կազմակերպությունների համար:
