Թերեզա Մեյին կասկածում են Մարգարետ Թետչերի ապարանջանն աճուրդով գնելու համար (լուսանկարներ)
Մեծ Բրիտանիայի արդեն նախկին վարչապետ Թերեզա Մեյին նկատել են Մարգարետ Թետչերի ապարանջանը կրելիս:
Զարդը 40 000 ֆունտ ստեռլինգով վաճառվել էր Christie’s-ի աճուրդում: Գաղտնի գնորդը, հնարավոր է, նախկին վարչապետ Թերեզա Մեյն է, գրում է Daily Mail-ը:
Թերեզա Մեյը երեկ վարչապետի պաշտոնին հրաժեշտ տալիս «Դաունինգ սթրիթի» թիվ 10 տան մուտքի դիմաց լրագրողների առջև հայտնվել է նմանատիպ քարերով ապարանջանով: Քաղաքական գործչին ուղեկցել է ամուսինը, իսկ զարդը նա կրել է աջ ձեռքին:
Աղբյուրը հայտնում է, որ Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Մարգարետ Թետչերը թանկարժեք գույնզգույն քարերով ապարանջանը նվեր էր ստացել ամուսնուց՝ Դենիս Թետչերից: Թանկարժեք զարդը նախկին վարչապետը կրել է մի շարք կարևոր միջոցառումների ժամանակ՝ վարչապետի պաշտոնում առաջին օրը՝ 1979-ին, 1984-ին Միխայիլ Գորբաչովի հետ հանդիպման ժամանակ և 1990-ին Նելսոն Մանդելայի հետ հանդիպման ժամանակ:
Ապարանջանի նախնական գինը 2500 ֆունտ ստեռլինգ է եղել, սակայն ի վերջո վաճառվել է 40 000 ստեռլինգով:
Աճուրդի տունը հայտնել է, որ չգիտի՝ ով է ապարանջանի գնորդը:
Շատերի կարծիքով՝ ապարանջանի գնորդը հենց Թերեզա Մեյն է, որը Մեծ Բրիտանիայում Մարգարետ Թետչերից հետո երկրորդ կին վարչապետն էր:





