«ԶԻՆԱՄԹԵՐՔ Ու ՍՆՈՒՆԴ ՏԵՂԱՓՈԽԵԼԻՍ, ՀԵՐՈՍԱԲԱՐ ԶՈՀՎԵԼ Է ԹՇՆԱՄՈՒ ԱՆՕԴԱՉՈՒ ԹՌՉՈՂ ՍԱՐՔԻ ՀԱՐՎԱԾԻՑ»
Նոյեմբերի 23-ը, Արցախյան 44-օրյա ահաբեկչական պատերազմի անմահ հերոս, հրետանային դիվիզիայի կապի պետ ԱՐԹՈՒՐ ՎԱՐԴԱՆԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ծննդյան օրն է, կդառնար 37 տարեկան ։Ծնվել է 1986 թվականին, Գյումրիում ։ Միջնակարգ կրթությունը ստացել է Գյումրիի թիվ 28 դպրոցում։ 2007 թվականի հուլիսի 20-ին, բարձր առաջադիմությամբ ավարտել է «Մարշալ Խանփերյանցի» անվան ՊՆ ռազմական ավիացիոն ինստիտուտը։ Ունի մեկ եղբայր, մեկ քույր։
Հերոսի եղբայրը ԱՐՏՅՈՄԸ, Iravunk. com – ի Շիրակի մարզի թղթակցի հետ զրույցում նշեց. «Եղբայրս, լեյտենանտ սպայական կոչումով, 2007 թվականի հուլիսի 31-ին նշանակվել է ԼՂՀ Մատաղիսի զորամասում որպես հրետանային դիվիզիոնի կապի պետ։ 2009-ի հուլիսի 24-ին ստացել է ավագ լեյտենանտի կոչում։ 5 տարի Մատաղիսում ծառայելուց հետո, 2012 թվականի հունվարի 10-ին տեղափոխվել է Երևան ՊՆ N զորամասում որպես 3-րդ կապի գումարտակի դասակի հրամանատար։ 2014-ի օգոստոսի 22-ին, ծառայությունը շարունակել է հարազատ քաղաքի Գյումրիի N զորամասում, որպես հակատանկային դիվիզիոնի կապի պետ։ 2018-ի սեպտեմբերի 3-ին նշանակվել է Իջևանի N զորամասի Դ-30 հրետանային դիվիզիայի կապի պետ։ Արթուրը մեծ ներդրում է ունեցել կապի զորքերի կազմավորման, ինչպես նաև բանականության մեջ։ Բարեխիղճ ծառայության համար, խրախուսվել է պատվոգրերով, մեդալներով։ 2020 թվականի հոկտեմբերի 1-ից, մասնակցել է Արցախի դեմ սանձազերծած ադրբեջանա-թուրքական ահաբեկչական պատերազմին, Մատաղիսում ։ Հոկտեմբերի 17-ին,սնունդ, զենք- զինամթերք տեղափոխելիս, անօդաչու թռչող սարքի հարվածից, հերոսաբար զոհվել է, գիտակցաբար փրկելով ողջ անձնակազմի կյանքը։Հետմահու արժանացել է Արիության մեդալի։ Անմահ հերոս Արթուր Գրիգորյանի ծննդյան օրը նշանավորվեց ծննդավայր Գյումրիում, հարազատ բակում հուշահամալիրի ու ցայտաղբյուրի բացմամբ և օծմամբ։
Iravunk. com -ի Շիրակի մարզի թղթակիցը ներկա է գտնվել։ Հուշահամալիրը, այնպես է կառուցված, որտեղ վեր է խոյանում արծվի վեհ քանդակը, այն խորհրդանշում է անմահ հերոսի խիզախությունը, քաջությունը, վեհությունը։ Միջոցառումը կազմակերպել էր վավերագրող ԱՐՄԻՆԵ ԿԱՐԱԽԱՆՅԱՆԸ։ Հուշահամալիրի բացման պատիվը տրվեց հերոսի երկու դուստրերին։ Քահանան օծեց հուշահամալիրը։ Ներկա էին հերոսի հարազատները, ընկերները, զինակիցները, քաղաքային ու մարզային իշխանության ներկայացուցիչներ, «Հայրենիքի անմնացորդ նվիրյալները» գրքի հեղինակ Գագիկ Վարդանյանը։ Միջոցառման ժամանակ, հայրենասիրական, ազգագրական երգերով առանձնացավ Գյումրիի կոնսերվատորիայի սան Մաքսիմ Հակոբյանը։ Պատանի Երկրապահներն էլ ցուցադրական վարժություններով ավելի հետաքրքիր դարձրեցին միջոցառումը։ Այսուհետ, յուրաքանչյուր անցորդ անցնելով այս փողոցով,մի պահ կանգ կառնի, կխոնարհվի ու կճանաչի մեր անմահ հերոսին, ով զոհվեց հանուն հայրենիքի, հանուն մեզ բոլորիս։
Շնորհավոր ծնունդդ, անմահ Հերոս ։Քո սխրանքն անմահ է, քո անունը մեր սրտերում…
Հավերժ փառք ու խոնարհում մեր բոլոր հերոսներին։
Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ







