Զելենսկու շրջապատում հուսահատությունն աճում է. Bild

Վլադիմիր Զելենսկու շրջապատում հուսահատությունն աճում է այն բանի պատճառով, որ Արևմուտքը հստակ որոշումներ չի կայացնում Ուկրաինային աջակցությունն ավելացնելու համար, գրում է Bild տաբլոիդը։

«Յուրաքանչյուր ոք, ով այս օրերին խոսում է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու վստահելի մարդկանց հետ, գիտակցում է աճող հուսահատությունը՝ կապված Ուկրաինայի պաշտպանության համար հնարավոր ամեն ինչ անելու հստակ որոշումների բացակայության հետ։ Սա հատկապես ակնհայտ է, երբ խոսքը վերաբերում է այն հարցին, թե արդյոք Ուկրաինան կարող է հարձակվել Ռուսաստանի վրա արևմտյան զենքով»,- գրում է Bild-ը։

Հաղորդվում է, որ երկրի ղեկավարությունն ավելին էր սպասում Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի վերջին գագաթնաժողովից։

Իր հերթին Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն կոչ է արել արևմտյան երկրներին թույլ տալ Ուկրաինային փոխանցված զինատեսակներով հարվածել Ռուսաստանի ցանկացած կետին։

Հուլիսի 9-ից 11-ը Վաշինգտոնում կայացել է ՆԱՏՕ-ի հոբելյանական գագաթնաժողովը՝ ի պատիվ 1949 թվականին Հյուսիսատլանտյան պայմանագրի ստորագրման 75-ամյակի։ Գագաթնաժողովի օրակարգը ներառում էր երեք հիմնական թեմա՝ դաշինքի դերի ուժեղացում Ուկրաինային ռազմական օգնության համակարգման և ֆինանսավորման գործում, հավաքական պաշտպանության և Ռուսաստանին հակազդելու զսպվածության ուժեղացում, ինչպես նաև Ասիական երկրների հետ գործընկերության ընդլայնում Արևմուտքի և Չինաստանի միջև աճող առճակատման ֆոնին։

Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի մասնակիցների համատեղ հռչակագրի տեքստը պարունակում է կետ «Ուկրաինայի ապագան դաշինքում» և հայտարարում է նրա ավելի ինտեգրված քաղաքական կարգավիճակի մասին։ Բացի այդ, հռչակագրում ասվում է, որ ՆԱՏՕ-ի երկրները մտադիր են շարունակել աջակցել Կիևին «լիակատար եվրաատլանտյան ինտեգրման իր անշրջելի ճանապարհին», ինչը ենթադրում է ՆԱՏՕ-ին անդամակցություն։ Փաստաթղթում մասնավորապես ընդգծվում է, որ ՆԱՏՕ-ի երկրների արտգործնախարարները կշարունակեն գնահատել Ուկրաինայի կողմից տարեկան կտրվածքով իրականացվող բարեփոխումների առաջընթացը։

 

Share This