Երկու նոր ծրագիր անապահով ընտանիքների աշխատունակ մարդկանց համար. ներկայացնում է փոխնախարարը

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90
Զբաղվածության ոլորտում կառավարությունը երկու նոր ծրագիր է գործարկել անապահով ընտանիքների համար։ Այս մասին այսօր՝ հուլիսի 29–ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ռուբեն Սարգսյանը։
Դրանցից առաջինը ուսուցման ծրագիրն է, որն ունի երեք բաղադրիչ՝ ուսուցում, աշխատանքային փորձի ձեռքբերում և աշխատավարձի մասնակի փոխհատուցում։
«Բոլոր ծրագրերն անցնում են թվային համակարգի միջոցով։ Այստեղ գործատուն է առաջարկում ուսուցումով աշխատանքի վերցնելու, պրակտիկայի կամ մասնակի փոխհատուցման մոդելով։ Ուսուցման պարագայում պետությունը հոգում է կարճաժամկետ ուսուցումը մինչեւ 5 ամիս տևողությամբ եւ պետությունը փոխհատուցում է գործատուին ուսման ծախսը մինչեւ 250 հազար դրամ, որից հետո գործատուն պարտավոր է լինում աշխատանքային պայմանագիր կնքել շահառուի հետ առնվազն 6 ամսով։ Այդ 6 ամսվա ընթացքում պետությունը փոխհատուցում է գործատուին հարկային պարտավորությունը մինչեւ 50 հազար դրամ՝ եկամտահարկ և մնացած վճարները։
Երկրորդ բաղադրիչն այն է, որ եթե գործատուն կարծում է, որ ընդամենը շահառուին անհրաժեշտ է բացի տեսական գիտելիքներից, նաեւ որոշակի պրակտիկ գիտելիքներ ձեռք բերել, պրակտիկայի տարբերակն է ընտրում։ Այդ դեպքում առնվազն 6 ամսով աշխատանքային պայմանագիր է կնքում, որից երեք ամսվա համար պետությունը փոխհատուցում է աշխատավարձը եւ հարկերը, դա 165 հազար դրամ է։ Հաջորդ 3 ամսվա համար պետությունը փոխհատուցմում է մինչեւ 50 հազար դրամի ծախսերը»,–ասաց փոխնախարարը։
Անդրադառնալով երրորդ բաղադրիչին, նա նշեց, որ դա աշխատավարձի մասնակի փոխհատուցման մասին է. «Եթե գործատուն շահառուի հետ 6–ից 11 ամսվա համար աշխատանքային պայմանագիր է ստորագրում, ապա պետությունը գործատուին փոխհատուցում է ամեն ամիս մինչեւ 50 հազար դրամի հարկերը։ Եթե 12 ամսից ավելի է պայմանագիրը, ապա պետությունը փոխհատուցում է մինչեւ 75 հազար դրամի չափով։
Այս ծրագիրը նախատեսել ենք, որ իրականացվելու է 400 հոգու համար։
Այս երկու ծրագրերն իրականացվում են երկու մարզերում՝ Կոտայքի և Սյունիքի։
