Եվրահանձնաժողովի ղեկավարը ԵՄ երկրներին կոչ է անում ավելացնել եւ ռուսականին հասցնել պաշտպանական ծախսերը

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը, ելույթ ունենալով Եվրախորհրդարանի պատգամավորների առջեւ, Եվրամիության երկրներին կոչ է արել ավելացնել  պաշտպանական ծախսերը եւ դրանք հասցնել Ռուսաստանի ծախսերի մակարդակին։ Նրա ելույթը նախորդել է եվրապատգամավորների քվեարկությանը Եվրահանձնաժողովի նոր կազմի վերաբերյալ, որը երկրորդ անգամ գլխավորելու է ֆոն դեր Լյայենը։

ԵՄ երկրները միասին ծախսում են իրենց ՀՆԱ 1,9 տոկոսը պաշտպանության համար, իսկ Ռուսաստանը, նրա խոսքով՝ մինչեւ 9 տոկոսը, եւ այստեղ «ինչ-որ բան այն չէ», մեջբերել է ֆոն դեր Լյայենին AFP գործակալությունը։

Նրա նշած թիվը մոտ է ռուսական բյուջեի պաշտպանական եւ անվտանգային ծախսերին, դրանք գնահատվում են ՌԴ ՀՆԱ մոտ 8 տոկոսի կամ նրա բյուջեի բոլոր ծախսերի 40 տոկոսի չափով, տեղեկացրել է BBC-ն։ ՌԴ պաշտպանական զուտ ծախսերը  արագ աճում են Ուկրաինայում պատերազմի բոլոր տարիներին եւ 2025թ. բյուջեում կկազմեն ՀՆԱ 6,3 տոկոսը։

ՆԱՏՕ երկրներն իրենց առջեւ նպատակ են դնում իրենց պաշտպանական ծախսերը հասցնել ՀՆԱ 2 տոկոսին. դաշինքի անդամ 32 երկրներից 23 երկրներ այս տարի հասել են այդ նպատակին։ ԵՄ-ում կան որոշ թվով չեզոք երկրներ, որոնք չեն մտնում ՆԱՏՕ կազմի մեջ եւ մեծ բանակներ չունեն՝ Իռլանդիան, Ավստրիան, Մալթան, Կիպրոսը։

«Մենք պետք է նույնքան հավակնոտ լինենք, որքան լուրջ են սպառնալիքները»,- ընդգծել է ֆոն դեր Լյայենը։

Share This