Ես որքա՞ն ասեմ, որ ես քաղաքականությամբ չեմ զբաղվում, հերիք չի՞ ձեր վախերը ցուցադրեք․ Արման Թաթոյանը ԱԽՔ-ի հայտարարության մասին

Այսօր մամուլի ասուլիսին Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ներկայացրեց անվտանգության գոտու անհրաժեշտութունը և նոր արտահերթ զեկույցը, որտեղ հիմնավորված են Ադրբեջանի հանցավոր արարքները։

Նա նշեց, որ Միջազգային հստակ պահանջ է՝ սահմանների դելիմիտացիան և դեմարկացիան չի կարող համարվել լեգիտիմ, եթե չի ապահովում մարդու իրավունքները, չի համապատասխանում ժողովրդավարության և իրավունքի գերակայության կանոններին և չի ապահովում մարդկանց բնականոն կյանքը։ «Մենք ասում ենք, որ կառուցում ենք այլընտրանքային ճանապարհ, բայց մենք ինչի՞ ենք հրաժարվել միանգամից այդ մեր ճանապարհից ու դեռ ասում ենք, որ եթե Ադրբեջանը ասում է դա մերն է՝  բերեք այլընտրանքային ճանապարհներ կառուցենք։
Բա բերեք մի հատ էլ այլընտրանքային գյուղեր կառուցենք, եկեք այլընտրանքային քաղաքներ կառուցենք։ Այո ՛ճանապարհ կառուցենք անվտանգության համար, բայց ոչ նրա համար, որ Ադրբեջանը պահանջ է ներկայացրել»,–ասաց նա և  նշեց, որ մանրակրկիտ ուսումնասիրել են քարտեզները և ադրբեջանական իշխանությունները միշտ օգտագործել են էթնիկ գործոնը՝ տարածքներ բռնազավթելու համար, ասել են՝ այստեղ ադրբեջանցիներ են ապրում, ուրեմն դա ադրբեջանական տարածք է»։

Անդրադառնալով ԱԽՔ Արմեն Գրիգորյանի այն հայտարարությանը, թե ՄԻՊ–ի հայտարարությունները քաղաքական բնույթի են, և որ մի քանի ամիս անց հետո առաջադրելու են ՄԻՊ–ի իրենց թեկնածուին, Արման Թաթոյանն ասաց, որ այդ պաշտոնյան գերազանցել է իր լիազորությունները։ «Ընդհանրապես իրեն ո՞վ է իրավունք տվել մարդու իրավունքների պաշտպանի փոփոխության հարց քննարկել, դա բացահայտ ոտնձգություն է Մարդու իրավունքների պաշտպանի անկախ հաստատության նկատմամբ։ Ես պաշտոնապես դիմելու եմ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, այդ մարդն իր հայտարարությունների համար պետք է ենթարկվի պատասխանատվության, որպեսզի ապահովի ՀՀ ՄԻՊ–ի անխափան, անկաշկանդ աշխատանքը նաև հետագայում»,–ասաց նա և նշեց, որ Ազգային անվտանգության հետ չի կարելի շփոթել նրա հայտարարությունները, և այդ մարդու արարքները ընդհանրապես անվտանգության հետ կապ չունեն։

«Այդ պաշտոնատար անձն այն անձը չէ, որ ժամանակ հատկացնեի, մանրամասն անդրադառնայի, բայց համակարգային խնդիր կա, հետևողական աշխատանք է տարվում բոլոր ուղղություններով վարկաբեկելու մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքը»,–ասաց նա։

Արման Թաթոյանն ասաց, որ ԱԽ քարտուղարի հայտարարություններում երկու հիմնական թեզ կա, որ կասկածի տակ է դնում ՄԻՊ–ի անաչառությունը և քաղաքական հայտարարություններ է անում։ Նա նշեց որ Վենետիկի հանձնաժողովը ընդգծել է, որ ՀՀ ՄԻՊ–ը առանցքային դերակատար է երկրում՝ մարդու իրավունքների, ժողովրդավարության զարգացման համար։

Նա հիշեցրեց, որ 2018 թվականին, երբ Արմեն Գրիգորյանին ձերբալակել էին,  ինքն այցելել էր, պահանջել իրավունքների խախտումների քննություն իրականացել։ «Ամենամեծ հանրահավաքների ժամանակ ՄԻՊ-ին անաչառ աշխատանքի համար շնորհակալություն էին հայտնում առաջնորդները, ինչի համար իրենց շնորհակալ եմ և հպարտ եմ մեր աշխատանքի համար։ Այդ ժամանակ, քանի որ իր իրավունքների համար էի աշխատում, ես շատ անաչառ էի, իսկ հիմա, երբ պաշտոնյա են դարձել,  էլ անաչա՞ռ չեմ»,–ասաց նա և նշեց, որ այսօր էլ, 2018 թվականին էլ նույն խնդիրներն են, և ոչինչ չի փոխվել։

«Ես որքա՞ն ասեմ, որ ես քաղաքականությամբ չեմ զբաղվու,, հերի՞ք չի ձեր վախերը ցուցադրեք»,–ասաց նա։

Ըստ ՄԻՊ–ի՝ այդ անձը նաև գլխավոր պատասխանատուներից է, որ այսօր ադրբեջանցիները այսպես ամրացել են մեր ճանապարհներին, և նրա հայտարարությունները մանիպուլատիվ են։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )