«Ես երբեք չեմ կասկածել իմ հաղթանակին, գորգ դուրս գալուց առաջ երբեք չեմ մտածել պարտության մասին». ՋՈՒԼՖԱԼԱԿՅԱՆՆ ու իրեն հանդիպած դժվարությունները
Լեւոն Ջուլֆալակյան ըմբիշի հաղթարշավը մեծահասակների մրցապայքարում սկսվեց 1985 թվականին, երբ նա դարձավ Աշխարհի գավաթակիր: Հավաքին մասնակցող երիտասարդ ըմբիշներին մանրակրկիտ ուսումնասիրում էր գլխավոր մարզիչ Գենադի Սապունովը: Արդեն մրցաշարի ժամանակ Ջուլֆալակյանը կողի վնասվածք է ստանում: Սապունովը փորձելու համար ասում է մարզիկին, որ կարող է չշարունակել ելույթները, սակայն ստանում է բացասական պատասխան:Իրոք շատ դաժան էր կոտրված կողով գոտեմարտելը: Պետք է սակայն խոստովանեմ, որ ցավին դիմանալն ու կոփված լինելն ինձ սովորեցրել է իմ անձնական մարզիչ Արամ Սարգսյանը: Մենք իսկական մարտիկների պես էինք մարզվում՝ ցուրտ, առավոտյան 6-ին արթնանալ, վնասվածք ստանալ, անկախ ամեն ինչից նա շարունակում էր մեզ աշխատացնել: Այնպես որ, ես կարողացա հաղթահարել ցավն ու ելույթս շարունակել: Եզրափակչում մրցակիցս գիտեր, որ կողս կոտրված է, ու սեղմում էր անընդհատ: Ես ցավից շրթունքներս էի կծում, բայց հնարք չտվեցի ու հաղթեցի: Վերադարձանք ԽՍՀՄ, ու Սապունովը հայտարարեց, որ մեր թիմում լիարժեք ըմբիշ կա, ով կարող է հաղթահարել ամեն ինչ»:
