Եթե ձեր տան կտուրը խնդիր ունի, հատա՞կն եք նորոգում. բյուջեն վատնվել է. Կենդանաբանական այգու նախկին աշխատակիցները բողոքում են ազատման դիմում գրած տնօրենի դեմ և պահանջում վերադարձնել տարած կենդանիներին
Կենդանաբանական այգում անհիմն կառույցներ են սարքել, օրինակ՝ արջերի ազատավանդակ, որը բացարձակ Երևանի կենդանաբանական այգուն պետք չէր, բայց միլիոններ են տրամադրել աննպատակ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Կենդանաբանական այգու նախկին աշխատակից Կարեն Մարտիրոսյանը:
Այսօր մի խումբ անձիք բողոքի ակցիա էին անում Երևանի կենդանաբանական այգու առջև: Նրանք պահանջում էին մի շարք այլ պարզաբանումներ, թե ինչի վրա է ծախսվել այգու բյուջեն, և ուր են մի քանի կենդանիներ:
Նախկին աշխատակցի խոսքով՝ այգու բյուջեով հնարավոր էր խնդիրները լուծել, և կենդանիները նման ճակատագրի չէին արժանանա:
«Թափառող շների խնդրի մասին միշտ էլ իմացել են այգում: Ինչ վերաբերում է կենգուրուներին. ազատավանդակը պետք էր փակել, գրագետ գործողություններ էին անհրաժեշտ: 8 ամիս է՝ ասում ենք այս անգրագիտության մասին», – ասաց Կարեն Մարտիրոսյանը:
Նրա խոսքով՝ այգու տնօրենի ազատման դիմումն իրենց չի բավարարում: Այգուց բազմաթիվ կենդանիներ են դուրս հանվել, և իրենք պահանջում են, որ առաջին հերթին վերադարձվեն մորուքավոր անգղերը: Նախկին աշխատակիցն ասաց, որ պետք է պարզաբանում տրվի նաև իրավական դաշտում:
Նախկին աշխատակից Անուշ Ռաֆայելյանն ևս նշեց, որ բյուջեն աննպատակ են օգտագործել, վատնել են:
«Ռուբեն Խաչատրյանն ասում է՝ բյուջեն քիչ է: Եթե քիչ է, ապա ինչու են փրկված արջերի համար կառուցել ահռելի ազատավանդակ, որի ցանկապատի գումարով կարելի էր հոգալ այգու պարսպի ծախսերի առնվազն 1/3-րդը: Եթե ձեր տան կտուրը խնդիր ունի՝ ջուր է կաթում, դուք ձեր հատա՞կն եք նորոգում: Կան խնդիրներ, որոնք առաջնային ու երկրորդային են:
Անուշ Ռաֆայելյանն ասաց նաև, որ Խաչատրյանը խաբեությամբ ինչ-որ պայմանագիր է կնքել և այգու մորուքավոր անգղերին ոչ համարժեք փոխանակման միջոցով տարել է իր ղեկավարած Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամ: Նախկին աշխատակցի խոսքով՝ թռչուններն այժմ հիմնադրամի փրկարարական կենտրոնում են՝ բազմացող զույգ ծրագրով:
«Այդ թռչուններն ազգային արժեք են և պիտի անհապաղ վերադարձվեն»,- ասաց նա:
Մանրամասները՝ տեսանյութում:
