ԵԹԵ ԱՅՍ ԿԻՐԱԿԻ ՏԵՂԻ ՈՒՆԵՆԱՅԻՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՀԱՐՑՎՈՂՆԵՐԻ 43%-Ը ԿԸՆՏՐԵՐ <<ԻՄ ՔԱՅԼԸ>> ԴԱՇԻՆՔԻՆ

Եթե այս կիրակի տեղի ունենային ընտրություններ, հարցվողների 43%-ը կընտրեր «Իմ քայլը» դաշինքին

«Ժողովրդի ձայնը» հասարակական ակումբը 2019թ-ի սեպտեմբերի 25-ից մինչև հոկտեմբերի 15-ը հարցում է իրականացրել Արարատի և Արմավիրի մարզերում՝ պարզելու մարզի բնակիչների նախընտրությունները ներքին և արտաքին քաղաքականության վերաբերյալ:
Արմավիրի և Արարատի բնակիչները նշել են, որ իրենց մարզի ամենահրատապ խնդիրներից են հանդիսանում բանկային վարկերի բարձր տոկոսադրույքները (84%), ջրամատակարարումը (77%), աշխատատեղերի բացակայությունը (72%), դպրոցների և հիվանդանոցնրի վատ վիճակը (63%), ճանապարհային ենթակառուցվածքների բացակայությունը (47%), մթերքի և վառելիքի գնաճը (32%), տեղի պաշտոնյաների կաշառակերությունը (17%) և այլ խնդիրներ (9%):

Վերջիններիս 32%-ը Նիկոլ Փաշինյանի կառավարության աշխատանքը դրական է գնահատել, 40%-ը՝ բավարար, 23%-ը բացասական, իսկ նրանցից 5%-ը դժվարացել է պատասխանել հարցին: Ինչ վերաբերվում է տեղի իշխանությունների աշխատանքին (մարզպետի և քաղաքապետի/ գյուղապետի), ապա հարցվածների 27%-ը դրական է գնահատել, 32%-ը՝ բավարար, բացասական՝ 22%-ը, իսկ 19%-ը դժվարանում է պատասխանել այս հարցին:

«Տնտեսական հեղափոխությանը» վերաբերվող հարցին Արմավիրի և Արարատի բնակիչների 14%-ը նշել են, որ Հայաստանում իրոք մեկնարկել է «տնտեսական հեղափոխությունը», 42%-ի կարծիքով ոչ մի «տնտեսական հեղափոխություն» չի սպասվում, 27%-ը նշել է, որ այն դեռ չի սկսվել, բայց նրանք պետք է սպասեն մոտ ապագայում, իսկ 17%-ը դժվարացել է պատասխանել հարցին:
Այն հարցին, թե ինչպես են Արմավիրի և Արարատի բնակիչները վերաբերվում Հայաստանի ներկայիս քաղաքական դասին, հարցվողների 29%-ը պատասխանել է, որ գոհ է ներկայիս քաղաքական գործիչներից և կուսակցություններից, 38%-ը նշել է, որ գոհ է, բայց քաղաքականությանն անհրաժեշտ են նոր դեմքեր, 21%-ի կարծիքով քաղաքական դասը պետք է ամբողջովին վերափոխվի և մաքրվի կաշառակերներից և ոչ պրոֆեսիոնալներից, իսկ 12%-ը դժվարացել է պատասխանել այս հարցին:

Եթե այս կիրակի տեղի ունենային խորհրդարանական ընտրություններ, ապա մարզի հարցվողների 43%-ը կընտրեր «Իմ քայլը» դաշինքին, 14%-ը ՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, 6%-ը ՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը, 27%-ն իր ձայնը կտար այլ քաղաքական ուժի, 7%-ը վերջին պահին կկայացներ որոշում, իսկ 3%-ը ընտրությունների չէր գնա:

Քաղաքացիների 39%-ը համարում է, որ Հայաստանի իշխանությունների արտաքին քաղաքականությունը բխում է երկրի ազգային շահերից, 47%-ի կարծիքով այն կրում է հակասական և անհեռանկարային բնույթ, 7%-ը համարում է, որ այն վնասում է երկրի ազգային շահերին, իսկ մյուս 7%-ը դժվարացել է պատասխանել հարցին:

Հարցաշարի վերջին հարցը վերաբերել է այլ երկրների տրամադրվածությանը Հայաստանի նկատմամբ՝ ո՞վ է առավել բարիդրացիական տրամադրված մեր երկրի նկատմամբ: Հարցման մասնակիցների 53%-ը նշել է Ռուսաստանը, 17%-ը՝ Եվրամիության երկրները, 23%-ը՝ ԱՄՆ-ն, 5%-ը՝ Չինաստանը և 2%-ը համարում է, որ բոլոր վերը նշված երկրները հավասարաչափ բարիդրացիական տրամադրվածություն ունեն Հայաստանի նկատմամբ:

Ինչ վերաբերում է ներքաղաքական գործընթացներին, ապա երկու մարզերում իրականացրած սոցհարցումը բացահայտել է, որ «Իմ քայլը» իշխող դաշինքը շարունակում է նշանակալի հեղինակություն վայելել հանրապետության մյուս քաղաքական ուժերի համեմատ: Միևնույն ժամանակ ակնհայտ է նոր քաղաքական ուժերի պահանջարկը: Գնահատելով երկրի արտաքին քաղաքականության կուրսը՝ հարցվածների մեծամասնությունը նշել է, որ իշխանության գործողություններն այս ուղղությամբ համակարգված չեն և իրարամերժ են:
Հարցումն անցկացվել է Արմավիրի և Արարատի մարզերի քաղաքների և գյուղերի 500 բնակիչների շրջանում:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )