Դերասանը՝ քրոջ սպանության մասին. Արդարադատություն անպայման լինելու է
Դերասան Տիգրան Նալչաջյանը ֆեյսբուքյան իր էջում կարճ տեսանյութեր է հրապարակել վերջերս սպանված քրոջ մասնակցությամբ ու գրել.
«Նոր ֆիլմիս նկարահանման առաջին օրն էր։ Նկարահանում էինք անգլիական այգում։ Պետք է կատու նկարահանեինք։ Նվարդիկիս խնդրել էի, որ բերեր իր կատուներից մեկին։ Այդպես եկավ, բավական երկար մնաց մեզ հետ, հետո կատվին վերցրեց, որ գնա։ Գրկեցի, պաչեցի, գնաց ու դա եղավ իմ հրաշք քույիկի հետ վերջին համբույրն ու գրկախառնությունը…
Փառք Աստծո, որ բեքսթեյջի այս վիդեոները կան, որոնք երեկ եմ հայտնաբերել։
Նվարդը բացառիկ կերպար էր՝ իր բարությամբ, ինտելեկտով, աշխատասիրությամբ ու նպատակասլացությամբ։ Դա փաստում են բոլոր նրան ճանաչողները։
Շատ սիրված էր իր շրջապատի կողմից։ Մեծ հայրենասեր էր ու պատրաստվում էր նոր պատերազմի, որին անպայման մասնակցելու էր։ Անցել էր ՈՄԱ-ի ուսումնամարզական բոլոր փուլերը, միշտ գնում էր Ազատազեն կրակելու, զբաղվում էր մարտարվեստներով։ Նրա գլխավոր ներշնչանքի աղբյուրները մեր հերոսներն էին։
Շատ էր հպարտանում ինձնով, որպես 44-օրյայի մասնակցի և դրանով ավելի էր ոգևորված, որ պատերազմ լինելու դեպքում առաջիններից մեկն է գնալու առաջնագիծ։
Այս և այլ գրառումերում քրեական գործին անդրադառնալ չեմ ուզում։ Միայն կասեմ, որ արդարադատություն լինելու է։ ԱՆՊԱՅՄԱՆ ԼԻՆԵԼՈՒ Է»։
