ԴԵՌ ՀՍՏԱԿ ԺԱՄԿԵՏ ՉԿԱ, ԹԵ ԵՐԲ ԿՀԱՏԿԱՑՎԵՆ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԲԵՐՁՈՐՑԻՆԵՐԻՆ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐ

Բերձորի համայնքապետ Նարեկ Ալեքսանյանը մեզ հետ զրույցում պատմեց, որ համայնքի 570 ընտանիքից ընդամենը 12-ն է մնացել Արցախում, մնացյալը, այդ թվում` համայնքապետը, տեղափոխվել են Հայաստան` տարբեր մարզեր ու քաղաքներ: Ալեքսանյանն այժմ բնակվում է Վայքում, սակայն նշում է, որ համայնքի գրեթե բոլոր բնակիչների հետ հեռակա կարգով շփվում է, փորձում է օգնել նրանց, եթե ունեն օգնության կարիք:

«Կապը գրեթե բոլորի հետ պահում ենք, փորձում օգնել, եթե կա դրա կարիքը»,- նշեց թշնամուն հանձնված Բերձորի համայնքապետը: Մենք հետաքրքրվեցինք, թե Հայկ Խանումյանը կատարե՞լ է խոստումը` նշում էր, որ եթե թշնամուն հանձնվող համայնքների բնակիչները չայրեն իրենց իսկ ձեռքերով կառուցած տները, կստանան փոխհատուցումներ, մարդիկ ստացե՞լ են փոխհատուցումները: Նարեկ Ալեքսանյանը նշեց. «Այո, Հայաստանն ունի մեզ բնակարաններով աջակցելու ծրագիր, որը դեռեւս կյանքի չի կոչվել: Որպես էդպիսին՝ չկա հստակ ժամկետ, թե երբ կհատկացնեն բնակարաններ: Այս պահին ճշտումներ են արվում` հասկանալու համար, թե մարդիկ երբ են ստանալու իրենց հասանելիք բնակարանները»:

Մենք նաեւ հետաքրքրվեցինք, թե բերձորցիներն ինչ միջոցներով են բնակարաններ վարձել, ով է ֆինանսավորում նրանց։ Համայնքապետը շեշտեց. «Պետությունը շունչը 40 հազարական դրամներ է տրամադրում, սակայն ոչ բոլորին` ընդամենը մի մասին: Որոշակի հարցեր են առաջացել փաստաթղթերի հետ կապված, եւ շատերն այսօր հայտնվել են բախտի քմահաճույքին»։
Հիշեցնենք, որ դեռ օգոստոսի վերջին Ադրբեջանին հանձնվեցին Աղավնո եւ Բերձոր համայնքները: Արցախի տարածքային կառավարման նախարար Հայկ Խանումյանն էլ տեղի բնակիչների հետ հանդիպման ժամանակ նշել էր, որ եթե բնակիչներն ուզում են պետությունից ստանալ համապատասխան օգնություն, ապա չպետք է այրեն թնամուն հանձնվող գյուղերի տները: Այն դեպքում, երբ մարդիկ իրենց ձեռքով են կառուցել այդ տները, քրտինք թափել դրանց համար: Եվ մեծ մասը կանգուն, բարեկարգ տները թողնելով՝ դուրս եկավ բնակարաններից ու տեղահանվեց: Ինչպես տեսնում ենք, տեղի իշխանությունները մինչ օրս իրենց խոստումը չեն կատարել, թեպետ համայնքի բնակիչները միամտաբար կատարել են բնակարանները չայրելու հրամանը:

 

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )