Գյումրիում մեկնարկեց Աշոտ Մխիթարյանի անվան հուշամրցաշարը

Գյումրիում մեկնարկեց Աշոտ Մխիթարյանի անվան հուշամրցաշարը
Հուլիսի 5-ին Գյումրու մարզամշակութային կենտրոնում՝ Հայաստանի սպորտի դարբնոց համարվող այս հեղինակավոր հարթակում, հանդիսավոր կերպով մեկնարկեց լեգենդար մարզիչ Աշոտ Մխիթարյանի անվան 6-րդ հուշամրցաշարը։
Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի օրացուցային պլանում ներառված այս մրցաշարին այս տարի մասնակցում են 165 մարզիկներ՝ տարբեր տարիքային խմբերից։ Աղջիկների մրցաշարին ընդգրկվել է 25 մարզուհի, իսկ պատանիների՝ 140 մարզիկ։
Մրցաշարի բացման արարողության ընթացքում Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Սամվել Գասպարյանը նշեց.
«Աշոտ Մխիթարյանն անգնահատելի ներդրում է ունեցել հայկական ծանրամարտի զարգացման գործում։ Նրա դերը հատկապես մեծ է թե՛ պատանեկան, և թե՛ մեծահասակների հավաքականների կայացման հարցում։ Ֆեդերացիան մշտապես պատրաստ է աջակցել նման միջոցառումներին։ Մենք լիահույս ենք, որ այս մրցաշարի շնորհիվ կբացահայտվեն նոր տաղանդավոր մարզիկներ, որոնք ապագայում կհամալրեն Հայաստանի հավաքականների կազմը»։
Հուշամրցաշարի շրջանակում Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի կողմից պատվոգրերի և հատուկ պարգևների արժանացան Աշոտ Մխիթարյանի սաները՝ մարզիչներ Ալեքսան Կարապետյանը, Հարություն Եղոյանը, ինչպես նաև անվանի ծանրամարտիկներ Տիգրան Մարտիրոսյանը, Մակար Թամրազյանը, Արա Խաչատրյանը և այլք։
Հուշամրցաշարը կշարունակվի երկու օր՝ հուլիսի 5-ից 6-ը։ Ի դեպ, այս օրերին Գյումրիում ուսումնամարզական հավաքի շրջանակում իրենց պատրաստականությունն են իրականացնում ծանրամարտի մեծահասակների հավաքականի անդամները՝ նախապատրաստվելով առաջիկա Աշխարհի առաջնությանը։

Share This