Գյումրիում հրթիռաշինության գործ են նախաձեռնել. հեղինակներից մեկը Ապրիլյան պատերազմում զոհված Տիգրան Աբգարյանի եղբայրն է

Գյումրու պատմական միջուկում՝ պատմական շենքերից մեկում, հիմնվում է հրթիռաշինության խմբակ:  Պատասխանատուն ասում է՝ սա մեծ նախագիծ է, եւ խմբակ բառը չպետք է շփոթության մեջ գցի որեւէ մեկին: Արդեն գործող ավիամոդելային խմբակին կից ձեւավորվելու է հրթիռաշինության խմբակը: Ըստ հիմնադիր Խաչատուր Թադեւոսյանի՝ Գյումրու հրթիռաշինության խմբակը ՀՀ-ում երկրորդն է եւ լուրջ հաջողության հասնելու հստակ հեռանկարներ ունի:Գործին միացել է նաեւ «Տիգրան Աբգարյան մարտական պատրաստության ակումբ»-ը: Ակումբի նախագահ Ժորա Աբգարյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց՝ արվող առաջին քայլերը կայուն հիմքի վրա են դնում: Կա որոշակի պայմանավորվածություն հեղինակավոր մի ընկերության հետ, որի անվանումը չի կարող ասել, սակայն որոշակի բանակցություններից հետո հստակ է մի բան՝ նրանք, ովքեր հրթիռաշինության խմբակում կսովորեն, կհմտանան, նաեւ այդ ընկերությունում աշխատելու հնարավորություն կունենան: Ժորան, ի դեպ, Ապրիլյան պատերազմում զոհված Տիգրան Աբգարյանի եղբայրն է:

Ինչո՞ւ է «Տիգրան Աբգարյան մարտական պատրաստության ակումբ»-ը միացել այս գործին: Ժորան ասաց՝ իհարկե ոչ ինքնանպատակ: «Մեր մարտական ակումբը միացել է այս գործին, քանի որ այն ոչ միայն հասարակական դպրոց է, այլ լիովին համապատասխանում է զինվորական գործին: Զինվորական ոլորտում չկա հրթիռաշինություն, բայց կան հնարավորություններ սովորելու: Երիտասարդությունը շատ քիչ է տեղեկացված ու նմանատիպ դասերին մասնակցելու քիչ մոտիվացիա ունի: Եթե Գյումրու այս խմբակը կարողանանք զարգացնել ու շատացնել ամբողջ Հայաստանում, կկարողանանք առաջ գնալ: Այս պահին կան շատ մարդիկ, ովքեր պատրաստ են գաղափարին միանալու: Մենք ֆինանսավորման կարիք ունենք, սարքեր ու համակարգիչներ ենք ձեռք բերելու: Նաեւ մեզ պետք են ներդրողներ, ովքեր կցանկանան, որ զարգանա այս ոլորտը: Այլապես էն ճանապարհը, որն իրենց օգնությամբ մենք Հայաստանում կարող ենք անցնել 1 տարում, մենակ կանցնենք 10 տարում, իսկ Հայաստանը չունի էդքան ժամանակ, որ 10 տարում կայացնի հրթիռաշինությունը»,- ասաց Ժորա Աբգարյանը:Ըստ խմբակի հիմնադիրների՝ իրենց սկսած գործով հատկապես արտերկրում են հետաքրքրված: Նույն գործն այլ երկրում անելու առաջարկ ունեն: Խաչատուրն ու Ժորան, սակայն, այդ մասին չեն էլ մտածել, անգամ չեն քննարկել: «Մեր նպատակն է Հայաստանում ունենանք ավիամոդելավորման եւ հրթիռաշինության խմբակներ, որոնք որ տարբեր ոլորտներում իրենց կարեւոր տեղը կունենան: Շատ կարեւոր է, որ երեխաները, ովքեր որ պետք է էս գիտելիքները ստանան, հետագայում բանակում ունենան իրենց առանձին ներդրումները: Մենք էլ կարող ենք հենց դրսում մեր այս գիտելիքներն օգտագործել, աշխատել ու մեր բիզնեսն ունենալ: Բայց մեր նպատակը անձնական շահը չէ, այլ մտածում ենք՝ ինչ անենք Հայաստանում, որ կարողանանք շատերին մոտիվացնել, որ մարդիկ դրսում զգան, որ մեր երկրում շարժ կա, կան երիտասարդներ, ովքեր ուզում են, որ Հայաստանում ինչ-որ բան զարգանա, ավելի լավ լինի: Եվ էդ մոտիվացիայով էլ իրենք վերադառնան այստեղ»:«Հրթիռաշինության խմբակում ստացած գիտելիքը, հատկապես տղաների համար է շատ կարեւոր,- ասում է խմբակի հիմնադիր Խաչատուր Թադեւոսյանը,- ամեն մարդ չէ, որ կարող է հասկանալ էս գործի կարեւորությունը: Մարդ կա, կսե՝ հա դե, սարքեն, թռցնենգը, բայց չեն հասկընա, որ էս ճամփով անցած երեխեն էգուց բանակ գնալուց կարող է դրոնի օպերատոր դառնա, ու անպայման չէ, որ դառնան ավտոմատ բռնող կամ զլի շոֆեռ»:

Այս խմբակում նաեւ շատ երազանքներ անկատար չեն մնա, վստահ է «Տիգրան Աբգարյան Մարտական պատրաստության ակումբ»-ի նախագահ Ժորա Աբգարյանը. «Միշտ երեխեքը կերազեն տիեզերք թռնին, ու միշտ Հայաստանում էդ ամեն ինչը բացակայել է, չկա մի տեղ, որտեղ երեխան կտեսնի, թե ինչղ ռակետ կսարքեն: Ու էդ երեխեքի երազանքները միշտ կոտրվել են, բայց երբ որ նրանց տանք հնարավորություն, որ գան սովորեն, ուսումնասիրեն, մոտիվանան, իրենց էդ երազանքները կպահպանվին, հետագայում կսկսեն ինքնուրույն զարգացնել գաղափարները: Միայն էդ տարբերակով է, որ Հայաստանում հրթիռաշինությունը կսկսի զարգանալ: Մասնագետներ են պետք, գործը սիրող մարդիկ»:Խմբակը գործելու շենքային պայմաններ ունի, տարածքը տրամադրել է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը: Սակայն ֆինանսական խնդիրներ կան եւ տարբեր նշանակության հաստոցների պակաս: Նախնական հաշվարկով՝ 5-ից 7 մլն դրամ է անհրաժեշտ՝ պահանջվող հաստոցների ու ծախսվող նյութերի ձեռք բերման համար:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )