Գյումրիում թափառող շներին կրակելու փոխարեն հաջորդ տարվանից կստերջացնեն

Գյումրիում թափառող շների դեմ կպայքարեն ստերջացման եղանակով: Այս մեթոդին կանցնեն հաջորդ տարվանից: Խնդիրը հրատապ օրակարգային դարձավ Ազգային ժողովում կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքը քրեականացնելու մասին օրենքի քննարկումներին զուգահեռ: Մինչ այս, քաղաքի կոմունալ բաժինը թափառող շների դեմ պայքարում էր ֆիզիկական ոչնչացման եղանակով՝ կրակելով, ինչն էլ լուրջ բողոքների, քննադատությունների տեղիք է տվել ոչ միայն կենդանասերների շրջանում: Իսկ թափառող շները քաղաքի բոլոր թաղամասերում շատացել են:

Կապ չունի քաղաքի կենտրոնական, թե ծայրամասային թաղամասերում, շները շրջում են, հարձակվում մարդկանց վրա ոհմակներով: Նրանց ավելի շատ կարելի է տեսնել կիսաքանդ ու լքված կառույցներում և բաց աղբամանների կողքին: Սննդի պակասի պատճառով բեղմնավորման շրջանում տարբեր չափի ու տեսակի շները սկսում են ագրեսիվություն դրսևորել: Բոլոր թաղամասերի բնակիչները ահազանգում են՝ շները շատացել են, հարձակումներից չեն կարող պաշտպանվել գիշեր, թե ցերեկ։

Եվ կերակրում են և բողոքում շների հարձակումներից: Կենդանական բնազդով նախ հայտնվում են այն թաղամասերում, որտեղ աղբն ավելի շատ է: Թափառող շների հարձակումներից պաշտպանվելու ձևերը մարդկանց մոտ նույնն է, բայց դրանից վտանգը չի վերանում: Թաղամասերից ուղիղ կոմունալ բաժին զանգերն ավելի են շատացել, նախկինում քաղաքապետարանը երբևէ կիրառած եղանակով վնասազերծում էր, հիմա արդեն ոչ:

Մի քանի ամիս է՝ նման եղանակով վնասազերծում կատարել խուսափում են, կենդանասերներն են բողոքել, այնուհետ կենդանիների պաշտպանության մասին ընդունված օրենքն է նպաստել: Կենդանասերների պայքարն ու նոր օրենքը ստիպել է պատասխանատուներին մտածել շների հարձակումներից մարդկանց պաշտպանելու նոր տարբերակների մշակման մասին: Այն, ինչ արդեն մոտ մեկ տարի է` կիրառվում է Երևանում, Էջմիածնում, հաջորդ տարվանից կներդրվի նաև Գյումրիում: Խոսքը շների ստերջացման մասին է:

«Դրա համար հարկավոր է կառուցել լաբորատորիաներ, այսինքն՝ կլինի հսկա կլինիկա-կացարանային կենտրոն, որտեղ ստերջացումից հետո էդ շները նաև մի քանի օր պահվելու են այդտեղ»,- ասում է Գյումրու քաղաքապետի տեղակալ Հայկ Սուլթանյանը:Հիմա  հաշվարկներ են կատարում ու փորձում ճշտել, թե շների համար կլինիկա ստեղծելը քաղաքի բյուջեից որքան հատկացումներ կպահանջի, սկսել են նաև համապատասխան շինություն ու տարածք փնտրել:
«Պլանավորում ենք շանը պատվաստել հակակատաղության վակցինայով, ականջին շունը կունենա պլաստմասսաե տարբերանշան, որ մարդիկ տեսնեն ու իմանան, որ այդ շունն անվտանգ է, և այդ պրոցեսներն անցել են»,- ստերջացման գործընթացն է ներկայացրել անասնաբույժ Հովհաննես Կոսեմյանը:Հովհաննես Կոսեմյանն այն լիցենզավորված անասնաբույժներից մեկն է, որի հետ քաղաքապետարանն արդեն աշխատելու պայմանավորվածություն է ձեռք բերել: Կենդանին ֆիզիկական ոչնչացման չի ենթարկվի: Սա վերաբերում է միայն առողջ շներին, իսկ նրանք, որոնք հետազոտությունից հետո կպարզվի, որ կատաղած են կամ այլ հիվանդություններ ունեն, մասնագետները նման շներին նորից փողոց բաց չեն թողնի:

«Եթե ուռուցք է,ինչ-որ մաշկային հիվանդություններ, որոնք չեն բուժվում, ավելի մարդկային կլինի կենդանիներին անցավ քնեցնելը՝ էֆթանազիայի ենթարկելը»,- նշել է Հովհաննես Կոսեմյանը:

Ստերջացման միջոցով թափառող շների դեմ պայքարի արդյունքները, ըստ մասնագետների, զգալի կդառնան միայն երեք տարի անց։ Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոնը կսկսի աշխատել առնվազն 3 ամսից:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )