Գյումրին պատրաստ է քաղաքի տոնին. միջոցառմանը ներկա է լինելու նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը

Գյումրին օգոստոսի 25-ին նշում է «Գյումրու օր»-ը: «Վարպետների քաղաք» խորագիրը կրող միջոցառման շրջանակում ժամը 11:00-ից սկսած բացօթյա տարաբնույթ միջոցառումներ կանցկացվեն քաղաքի տարբեր հատվածներում՝ տոնական համերգներ, ցուցադրություններ, տիկնիկային ներկայացում եւ այլն: Ամենակարեւոր միջոցառումներից մեկը հիմնանորոգված «Շիրազի» փողոցի վերաբացումն է: Այս մասին հայտնում է «Արմենպրեսը»։

Նորաբաց Շիրազի փողոցում գյումրեցի վարպետները կներկայանան իրենց արհեստներով ու արվեստով: Տոնական օրը յուրովի կներկայանան նաեւ քաղաքի թանգարանները, իսկ ժամը 17։00-23:00-ը տեղի կունենա տոնական համերգ՝ գյումրեցի ու հրավիրված երգիչ-երգչուհիների կատարմամբ: Համերգին ելույթ կունենան նաեւ հայտնի երգչուհիներ Նունե Եսայանն ու Իվետա Մուկուչյանը:

«Քաղաքի օր» միջոցառմանը ներկա է լինելու նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Լինելու են հյուրեր ոչ միայն հանրապետության տարբեր համայնքներից, այլ նաեւ տարբեր երկրներից: Օրը կավարտվի կենտրոնական հրապարակում՝ տոնական համերգով եւ հրավառությամբ:
Միջոցառումների հետ կապված օգոստոսի 25-ի վաղ առավոտից փակ են Գյումրու կենտրոնական մի քանի փողոցներ։ Քաղաքային տրանսպորը կաշխատի մինչեւ ուշ գիշեր, իսկ մայրաքաղաքից հյուրերի այցը ապահովվելու համար միայն օգոստոսի 25-ին Երեւան-Գյումրի-Երեւան արագընթաց գնացքների չվացուցակում իրականացվել են փոփոխություններ ՝ միանգամից 2 գնացք է լինելու՝ 9:00-ին եւ 9:40-ին, իսկ վերադարձը Երեւան 23:15-ին եւ 23:45-ին:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )