Գյումրիի Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահում առաջին անգամ ցուցադրվում են 80-ամյա վաղեմության աշխատանքներ

Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահում առաջին անգամ ցուցադրության են ներկայացվել նկարչուհիների ճամփորդությունների ժամանակ արված 24 բնօրինակ գործեր:

Գծանկարներն ու լիտոգրաֆիաներն անմիջապես նկարչուհիների արվեստանոցներից Գյումրի էին տեղափոխվել տասնամյակներ առաջ, պահվում էին պատկերասրահի պահոցներում ու երբևէ չեն ցուցադրվել: Նոր ցուցադրությունը պատկերասրահի այցելուները տեսնելու հնարավորություն կունենան մեկ ամիս:

Մարիամ և Երանուհի Ասլամազյանների արվեստանոցներից Գյումրի տեղափոխված ճեպանկարներն ու գծանկարները մոտ 80 տարվա պատմություն ունեն: Դրանք նկարչուհիների 1940-1963 թվականներին ստեղծված գործերն են, որտեղ պատկերված են ճամփորդությունների ժամանակ քույրերին գնացքում հանդիպած մարդիկ, հետաքրքիր տեսարաններն ու ժամանակի հայտնի քաղաքական գործիչները:

Բացառիկ ցուցադրության ներկայացված նրանց լիտոգրաֆիաներն ու լինոգրաֆիաներն աչքի են ընկնում իրենց գունային շքեղությամբ: Ասլամազյան քույրերի աշխատանքներում արվեստաբանները նաև ժամանակակից տարրեր են նկատում:

Նկարչուհի քույրերը անդրադարձել են նաև խորհրդային տարիներին պարտադրվող գաղափարախոսությանն ու քարոզչությանը, բայց նկարներում կարողացել են հմտորեն թաքցնել ստալինյան պաշտամունքն ու շեշտել կանանց իրավունքների պաշտպանությանը:

Ֆեմինիստ համարվող նկարչուհիներն ընդգծել են նաև պատերազմում կանանց կարևորությունն ու պատկերել ռազմաճակատ մեկնող զինվորական աղջիկներին:

««Աղջիկներին ճանապարհում են ռազմաճակատ» կտավը ստեղծվել է 1941 թվականին: Այս նկարից արդեն պարզ է դառնում, թե ինչպիսի նկարչուհիներ էին Մարիամ և Երանուհի Ասլամազյանները: Շատ են խոսում այն մասին, թե արդյո՞ք նրանք ֆեմինիստ նկարչուհիներ են եղել, մենք համաձայնվում ենք այդ փաստի հետ, քանի որ իրենց նկարներում շատ են հանդիպում կանանց կերպարները: Զուր չէ, որ այս նկարում հենց ոչ թե տղամարդկանց, այլ կանանց են ճանապարհում պատերազմ»,- ասում է Մարիամ և Երանուհի Ասլամազյան  պատկերասրահի էքսկուրսավար Անի Ազարյանը:

Պահոցներից աշխատանքները հանելիս պատկերասրահի աշխատակիցների ուշադրությունը գրավել է նկարներից մեկը` երկուսը մեկում. այսպես կարելի է անվանել լիտոգրաֆիան: Ասլամազյան քույրերը նկարել են կակաչներ, դրանց վրա փակցված է մեկ այլ նկար, որը կոչվում է «Հայաստանի ծխախոտագործուհիները»:

«Տակի հատվածում մենք արդեն տեսնում ենք երկրորդ աշխատանքը, որը շատ անհաջող սոսնձով կպցրած է, այն անհրաժեշտ է շատ նրբորեն, մասնագիտորեն առանձնացնել, որպիսի չվնասվի թե՛ առաջին, թե՛ երկրորդ նկարը»,- նշում է պատկերասրահի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Միքայել Վարդպարոնյանը:

Դեռ հայտնի չէ, նկարները քույրե՞րն են սոսնձել, թե՞ տարիներ առաջ դրանք Գյումրի տեղափոխած հարազատները: Աշխատանքներն առանձնացնելու համար վերականգնող մասնագետների օգնությունն է պետք: Միայն առանձնացնելուց հետո նկարները կցուցադրվեն:

Պատկերասրահի պահոցներում կա ևս 420 աշխատանք, որոնք ռեստավրացիայի կարիք ունեն: Պահպանության հարցերը պահոցներում ու պատկերասրահի առաջին հարկում լուծված են:

Լոկալ ջեռուցման համակարգի անցկացման աշխատանքներն ավարտվել են, իսկ երկրորդ հարկում դեռ ընթացքի մեջ են: Պատկերասրահի պատշգամբի վերականգնման հարցը դեռ անլուծելի է:

Շենքը ալեքպոլցի մեծահարուստ ադամանդագործ Քեշիշովների նախկին տունն է, որի պատշգամբը փայտյա զարդաքանդակներով է: Այն պետք է վերականգնվի նախկին տեսքով: Ծրագիր եղել է, բայց գործը ֆինանսավորմանը չի հասել: Նկարներից բացի, շենքի այս հատվածն է, որ գրավում է այցելուներին: Իսկ այցելուների թիվը մի քանի անգամ ավելացել է:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )