Գյուղացին պետք է լինի ամենօրյա հոգածության ներքո

Կարելի է ասել, պտուղ-բանջարեղենի ու գյուղատնտեսության ամենալավ սեզոնում ենք։ Ու բնականաբար հիմնական հարցերից մեկը, որ այսօր հանրապետությունում արդիական է, մթերումներն են, հումքից արտադրանքի փոխակերպման գործընթացը, ագրոարդյունաբերությունը։ Սա կարող է Հայաստանի համար դառնալ բրենդային, հատկապես, որ ունեցած հարուստ ավանդույթները, բնակլիմայական պայմանները մեր օգտին են խոսում։ Եվ բացի այդ արդեն որոշակի շուկա հայկական գյուղարտադրական ապրանքները արդեն նվաճել են։ Սակայն նույնիսկ փոքրիկ Հայաստանի համար համաշխարհային տնտեսական ու համաշխարհային ֆինանսական տատանումները բավական էական ազդեցություն են գործում։ Կարեւոր է, որպեսզի պետությունը տեր կանգնի ու փորձի օրինակ ֆինանսական արտարժութային տատանումներով պայմանավորված ակամա կորուստների նվազեցման հարցում որեւէ բան ձեռնարկել։ Բացի այդ, կարեւոր է նաեւ տրանսպորտայնացման հարցերի կարգավորումը։ Իրանական եւ վրացական ուղղությունները մեր համար կենսական ուղղություններ են, որոնցով մենք կապվում ենք արտաքին աշխարհի հետ, չհաշված օդային ճանապարհը։ Սրանք այն կարեւոր հարցերից են, որոնք ուղղակիորեն ազդում են միավոր պահածոյի գնագոյացման վրա։ Տրանսպորտայնացումն էլ իր հերթին կապված է վառելիքային շուկայի գնային վայրիվերումների հետ։ Լավ կլինի որպեսզի այս հարցերը քննարկվեն ու կարգավորվեն, որովհետեւ առջեւում արդեն ցուրտ սեզոնն է սկսվելու ու գյուղացին պետք է հասկանա, թե ինչ եկամուտ է ստացել ու որ մասով պետք է ապրի, որով վարկ փակի։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )