Գիտնականները պարզել են՝ ինչպես կարելի է շատ ուտել ու չգիրանալ

Ամերիկացի գիտնականները պարզել են, թե ինչպես կարելի է շատ ուտել ու չգիրանալ: Ինչպես գրում է Kurier-ը, Ուեյք Ֆորեսթ համալսարանի բժշկական քոլեջի գիտնականները գիտափորձերն անցկացրել են լայնաքիթ կապիկների վրա, որոնք ամենակեր կենդանիներ են:

Գիտնականները կենդանիներին բաժանել են երկու խմբի, որոնցից առաջինի կապիկները սնվել են միջերկրածովյան սննդակարգով, որը ներառում է մեծ քանակությամբ մրգեր, բանջարեղեն, ձիթայուղ, մանրացրած ընկույզներ ու մի փոքր ձուկ ու անյուղ կաթնամթերք: Երկրորդ խմբի կապիկները ստացել են «արևմտյան սնունդ», որը հարուստ է մեծ մասամբ կենդանական ծագման սպիտակուցներով ու ճարպերով: Ընդ որում, առաջին ու երկրորդ խմբերի համար նախատեսված սննդակարգերում ճարպերի, սպիտակուցների ու ածխաջրերի քանակությունը միահավասար է եղել:

Գիտնականները կապիկների վիճակին հետևել են 38 շաբաթ: Այդ ընթացքում նրանց թույլատրվում էր ուտել այնքան, որքան նրանք կցանկանան: Արդյունքում պարզվել է, որ միջերկրածովյան սննդակարգով սնված կապիկներն ավելի քիչ կալորիա էին օգտագործում, ինչի շնորհիվ նրանց քաշը չէր ավելանում, իսկ արյան մեջ խոլեստերինի մակարդակն ավելի ցածր էր, մինչդեռ երկրորդ խմբի կապիկների սննդակարգը հանգեցրել է ոչ միայն գիրացման, այլև նախադիաբետի:

Հետազոտության արդյունքում գիտնականները եկել են այն եզրահանգման, որ միջերկրածովյան սննդակարգը կարող է պաշտպանել սննդի չարաշահումից, ինչի շնորհիվ կանխվում է ճարպակալումն ու շաքարային դիաբետը:

Սակայն ավստիացի գիտնականները նշում են, որ առայժմ մարդկանց մասնակցությամբ գիտափորձերի անցկացումը ճիշտ չի լինի, քանի որ ամերիկացի գիտնականներն իրենց հետազոտության ընթացքում հաշվի չեն առել սթրեսի հորմոնը, որի պատճառով օրգանիզմն ախորժակը գրգռող ավելի շատ մոլեկուլներ է արտադրում:

Share This