Գիտնականները նշել են աշխարհի ամենագեղեցիկ տղամարդուն. ո՞վ է հայտնվել առաջին հորիզոնականում
Բրիտանացի կոսմետիկ վիրաբույժ Ջուլիան դե Սիլվան հետազոտություն է անցկացրել՝ պարզելու համար հայտնիների շրջանում ամենագեղեցիկ տղամարդկանց։ Նրա աշխատանքը հիմնված է արտաքին տեսքը գնահատելու տեխնիկայի վրա՝ օգտագործելով դեմքի իդեալական համամասնություններ ենթադրող՝ այսպես կոչված «ոսկե միջին» չափորոշիչը։ Վերջերս դե Սիլվան հրապարակել է աշխարհի ամենագեղեցիկ տղամարդկանց թարմացված վարկանիշը, և առաջին հորիզոնականը զբաղեցրել է «Վրիժառուներ» սերիալի աստղ Աարոն Թեյլոր-Ջոնսոնը:

Դե Սիլվայի հետազոտության արդյունքներով՝ Աարոն Թեյլոր-Ջոնսոնի դեմքը 93,04% ցուցանիշներով մոտ է կատարելատիպին։ Ըստ վիրաբույժի՝ դերասանի դիմագծերը գրեթե կատարելապես համապատասխանում են «ոսկե միջինին» բնորոշ ներդաշնակության և համաչափության սկզբունքներին։ Սակայն աննշան մեկնաբանություններ էլ կան: Վիրաբույժը նշել է, որ դերասանի կատարյալ կերպարը որոշակիորեն խաթարում է աչքերի միջև ընկած հեռավորությունը, ինչպես նաև շուրթերի ձևն ու քթի և շուրթերի միջև համամասնությունները։ Սակայն դա նրան չխանգարեց վարկանիշային աղյուսակում զբաղեցնել առաջին հորիզոնականը։

Երկրորդ հորիզոնականում «Էմիլին Փարիզում» հեռուստասերիալի շնորհիվ հայտնի դարձած դերասան Լյուսիեն Լավիսկոնտն է՝ 92,41% արդյունքով: Նրա դեմքը նույնպես շատ մոտ է կատարելատիպին, թեպետ մի քանի պարամետրերով զիջում է Թեյլոր-Ջոնսոնին։
Երրորդ հորիզոնականը զբաղեցրել է իռլանդացի դերասան, «Գլադիատոր 2» և «Նորմալ մարդիկ» ֆիլմերի աստղ Փոլ Մեսկալը՝ 92,38% արդյունքով: Դեմքի արտահայտիչ դիմագծերն ու ներդաշնակ համամասնությունները նրան օգնեցին վստահորեն հաստատվել լավագույն եռյակում:

Բազմիցս աշխարհի ամենագրավիչ տղամարդկանցից մեկը ճանաչված Ռոբերտ Պատինսոնը չորրորդ հորիզոնականում է՝ 92,15% ցուցանիշով։ Պատինսոնը հաճախ քննարկվում է առնական գեղեցկության համատեքստում՝ իր նուրբ դիմագծերի և դեմքի համաչափության շնորհիվ:

Լավագույն հնգյակը եզրափակում է «Դանդաղաշարժ ձիեր» հեռուստասերիալի աստղ Ջեք Լաուդենը։ Նրա գեղեցկությունը գնահատել են հարցվողների 90,33%-ը, ինչը նրան նույնպես դարձնում է մոլորակի ամենագրավիչ տղամարդկանցից մեկը։

Վեցերորդ հորիզոնականում 89,9% ցուցանիշով Ջորջ Քլունին է՝ ցանկում ընդգրկվածներից տարիքով ամենամեծը։ Չնայած տարիքի հետ նրա դեմքը կորցրել է ծավալը, իսկ աչքերի շուրջ մաշկը նվազ ձիգ է դարձել, իր ներդաշնակ համամասնություններով դերասանը շարունակում է դասական առնական գեղեցկության նմուշ լինել։ Դե Սիլվան Daily Mail-ի հետ զրույցում նշել է, որ հակառակ տարիքային փոփոխություններին՝ Քլունին դեռևս պահպանում է ցնցող գրավչությունը։
