Գենետիկ ինֆորմացիան կարող է պահպանվել ոչ միայն ԴՆԹ-ում եւ ՌՆԹ-ում․ գիտական բացահայտում
ԱՄՆ Էմորիի համալսարանի գիտնականները պարզել են, որ գենետիկ ինֆորմացիան կարող է պահպանվել ոչ միայն ԴՆԹ-ում եւ ՌՆԹ-ում, այլ նաեւ ավելի քան մեկ միլիոն քիմիական անալոգներում, որոնք կարող են դառնալ կյանքի այլ ձեւերի համար հիմք։ Այս մասին հայտնում է LiveScience-ը։ Հետազոտողները մշակել են համակարգչային ծրագիր, որը կարող է մոլեկուլների քիմիական բանաձեւեր ստեղծել, որոնք կարող են լինել այդօրինակ նուկլեինաթթուներ։ Ծրագիրը մշակել է 1,1 միլիոն մոլեկուլ, որոնք նման հատկանիշներ ունեն։ Հեղինակները կարծում են, որ նախակենսաբանական պատմական զարգացման ժամանակ, երբ դեռեւս գոյություն չունեին կենդանի օրգանիզմներ, առաջացել են բազմաթիվ նուկլեինաթթուներ, որոնցից սակայն, կյանքի հիմնական ձեւերի համար հիմք դարձել են միայն դեզօքսիռիբոնուկլեինաթթուն եւ ռիբոնուկլեինաթթուն։ Մասնագետները կարծում են, որ այս հետազոտությունների արդյունքում կարող են ստեղծվել նոր պրեպարատներ, որոնք կարող են հաջողությամբ պայքարել վիրուսային բորբոքումների եւ չարորակ բջիջների դեմ։
