ԳԱՍՊԱՐ ՏԵՐՏԵՐՅԱՆԸ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԱՇԽԱՐՀԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ
Հորդանանի մայրաքաղաք Ամմանում ավարտված հունահռոմեական ոճի ըմբշամարտի Աշխարհի երիտասարդական առաջնության ժամանակ, Եվրոպայի բրոնզե մեդալակիր, պատանիների Աշխարհի չեմպիոն ԳԱՍՊԱՐ ՏԵՐՏԵՐՅԱՆԸ նվաճել է արծաթե մեդալ։Նա երեկ արդեն Հայաստան է վերադարձել։
Iravunk. com -ի մարզական թղթակիցը զրուցել է ԳԱՍՊԱՐԻ հետ։
– Ողջույն, Գասպար ։ Շնորհավորում ենք Աշխարհի առաջնությունում փոխչեմպիոնի տիտղոսը նվաճելու առթիվ։
– Շատ շնորհակալ եմ։ Պայքարը սկսել էի որակավորման փուլից, որտեղ 9։0 հաշվով հաղթեցի Շվեյցարիայի ներկայացուցիչ Սայա Ռոբինբ Բրուներին։ 1/8 եզրափակչում 2։0 հաշվով առավելության էի հասել էստոնացի Արթուր Ջեմերջեևի հանդեպ, իսկ քառորդ եզրափակչում 5։3 հաշվով հաղթել եմ ազգությամբ լեհ Արսլանբեկ Սալիմովին ։ Կիսաեզրափակչում 5։2 հաշվով, պարտության մատնեցի ֆինն Նեստորի Քեյլ Միքայել Մանիլլային։ Հանդես եկա 67 կգ քաշային կարգում, նախկինում 60 – ում եմ հանդես եկել, փոխել եմ քաշային կարգս։ Եզրափակչում գոտեմարտեցի Եգիպտոսի ներկայացուցիչ Մուստաֆա Հուսեյն Ֆաթիհ Ալամելդինի հետ ու պարտվեցի 2։4 հաշվով։
– Գասպար, իսկ ինչը խանգարեց ոսկե մեդալ նվաճելու համար։
– Ճիշտն ասած, մի քիչ սխալ կողմնորոշվեցի, ճիշտ չտրամադրվեցի, հոգեբանական պահ էր, չկարողացա ճիշտ կողմնորոշվել։ Առաջին անգամ էի հանդես գալիս երիտասարդների Աշխարհի առաջնությունում։ Մեկնել էի չեմպիոն դառնալու, ոսկե մեդալի համար, ափսոս չստացվեց, սակայն ես չեմ հուսահատվում ու պիտի շարունակեմ պարապել ջանասիրաբար, որպեսզի հաջորդ տարի դառնամ Եվրոպայի ու Աշխարհի չեմպիոն, ամեն ինչ կանեմ, որ հասնեմ դրան ։
֊ Գասպար, իսկ կարող ես առանձնացնել, թե որ գոտեմարտը անցավ առավել դժվար։
– Բոլորն էլ դժվար էին, մրցակիցներս էլ բավականին փորձառու, ուժեղ մարզիկներ էին, ուստի չեմ կարող առանձնացնել։ Աշխարհի առաջնության ժամանակ, թույլ մարզիկներ չեն մասնակցում։
– Իսկ ինչ խնդիրների ես բախվել։
– Վնասվածքներ եմ ունեցել, անցած տարի ծունկս եմ վիրահատել ու հետո մասնակցել Հայաստանի առաջնությանը, չեմպիոն դարձել ։Հայաստանի վեցակի չեմպիոն եմ, երկու անգամ 15 տարեկանների, երեք անգամ 17 տարեկանների, մեկ անգամ էլ 20 տարեկանների չեմպիոն ։ Պատանիների Աշխարհի չեմպիոն եմ, Եվրոպայի բրոնզե մեդալակիր, Հայաստանի սպորտի վարպետի կոչում ունեմ։ Ծնունդով Էջմիածնի շրջանի Ակնաշեն գյուղից եմ։ Անձնական մարզիչս Սիմոն Կարապետյանն է։ Նպատակ ունեմ դառնալ Օլիմպիական չեմպիոն։
– Գասպար, իսկ որ տարիքից ես սկսել զբաղվել սպորտով։
– 5 տարեկանից, սկզբից գիմնաստիկայի եմ հաճախել, հետո փոխեցի մարզաձևս ու զբաղվեցի հունահռոմեական ըմբշամարտով, ինձ իսկապես շատ գրավեց այս մարզաձևը ու հիմա առանց սրա էլ չեմ պատկերացնում իմ կյանքը, առօրյան։
֊ Շնորհակալություն, Գասպար մեզ հետ քո տպավորություններով կիսվելու համար։
– Ես էլ շատ զգացված եմ, որ մշտապես ուշադրության կենտրոնում եք պահում մեզ, լուսաբանում մեր նվաճումների մասին, անխափան գործունեություն եմ մաղթում «Իրավունք» թերթին»։
Հավելենք, որ Գասպարը իր առաջին մրցելույթը անցկացրեց երիտասարդների Աշխարհի առաջնությունում։ Բացի այդ, նա քաշային կարգի կտրուկ անցում էր կատարել 60 կգ -ից անցնելով 67 կգ քաշային կարգի, ինչի համար, ադապտացման ժամանակը մի փոքր կարճ էր։ Վերոնշյալ հանգամանքը համադրելով, հասկանում ենք, որ այդ ժամանակը մի փոքր կարճ էր, այդ արծաթե մեդալը, միայն իր հարգով է զիջում ոսկուն։ Բացառիկ աշխատասիրության և նպատակասլացության որակների շնորհիվ, հունահռոմեական ըմբշամարտի պատմության մեջ, Գասպարի մասին շատ կլսենք դեռ։
Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ


