Գագիկ Ծառուկյանը վերընտրվեց ՀԱՕԿ-ի նախագահի պաշտոնում

Օլիմպավանում այսօր տեղի ունեցավ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի հաշվետու–ընտրական համաժողովը:

ՀԱՕԿ-ի 80 անդամներից ներկա էին 71–ը: Միջոցառումը նախագահեց կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը, ում առաջարկով ներկաները մեկ րոպե լռությամբ հոտընկայս հարգեցին Արցախի 44-օրյա պատերազմում զոհված զինվորների հիշատակը։

Գագիկ Ծառուկյանը միաձայն վերընտրեց ՀԱՕԿ–ի նախագահի պաշտոնում։ Փոխնախագահներ ընտրվեցին Օգսեն Միրզոյանը և Արմեն Գրիգորյանը: Դերենիկ Գաբրիելյանը ընտրվեց պատվավոր փոխնախագահ։ ՀԱՕԿ–ի գլխավոր քարտուղար ընտրվեց Հրաչյա Ռոստոմյանը:

Գագիկ Ծառուկյանը մասնակիցներին շնորհակալություն հայտնեց իրեն կրկին վստահելու համար։ Նա ասաց, որ սպորտում դեռ շատ անելիքներ կան, առավել ևս, որ հաջորդ օլիմպիական խաղերին մնացել է երեք տարի։ ՀԱՕԿ-ի նախագահի կարծիքով, հանրապետությունում պետք է ավելացնել մարզադպրոցների թիվը, որպեսզի ավելի շատ երեխաներ հնարավորություն ստանան սպորտով զբաղվելու։

Վերջում ՀԱՕԿ պատվավոր փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանն դիմեց Գագիկ Ծառուկյանին, որպեսզի նա հարց բարձրացնի ՀՀ կառավարության առաջ՝ Աբովյան փողոցում գտնվող նախկին Սպորտկոմիտեի շենքը ուրիշ մարդկանց կամ կազմակերպությունների չհանձնելու համար։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )