Բրիտանացին 6-ամյա արձակուրդից հետո աշխատանքից ազատվելուց հետո գործատուից 300 հազար ֆունտ ստերլինգ է պահանջել
Մեծ Բրիտանիայի Քայրֆիլի քաղաքի քաղաքային խորհրդի նախկին ղեկավար Էնթոնի Օ՛Սալիվանն իրեն աշխատանքից ազատած պետական կառույցից 300 հազար ֆունտ ստերլինգ է պահանջել, գրում է Wales Online-ը:
Բրիտանացին քաղաքային խորհրդին մեղադրում է այն բանի համար, որ չի կարողացել օրենքով սահմանված կարգով արձակուրդ վերցնել, մասնակցել ընտրություններին, ստանալ աշխատավարձի սահմանված չափով բարձրացում: Դրանից բացի՝ նա ստիպված է եղել ծախսել սեփական միջոցները փաստաբանների ծառայությունից օգտվելու համար՝ իր դեմ հարուցված քրեական գործի պատճառով, որն այնուհետ կարճել են:
2013 թվականին Էնթոնին կասկածվել է խարդախության համար. նա գաղտնի կերպով պահանջել է բարձրացնել իր աշխատավարձը 26 հազար ֆունտով: Դրանից հետո նրան ուղարկել են «հատուկ արձակուրդ», որը ձգվել է 6 տարի:
Այդ ամբողջ ընթացքում Էնթոնին 137 հազար ֆունտ ստերլինգ աշխատավարձ է ստացել՝ չնայած այն հանգամանքին, որ չէր աշխատում: Քաղաքային խորհուրդը պլանավորում է քննարկել բողոքը հաջորդ շաբաթ:

