Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսն իր վերընտրման դեմ բողոքի ցույցերի ֆոնին հրաժարական է տվել. մայրաքաղաք Լա Պասի փողոցներում տոն է
Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը գրեթե 14 տարի իշխանության ղեկին լինելուց հետո հրաժարական է տվել: Այս մասին տեղեկացնում է BBC-ն:
Դիտորդները բազմաթիվ խախտումներ էին գրանցել հոկտեմբերին տեղի ունեցած նախագահական ընտրությունների ժամանակ, սակայն Մորալեսը հայտարարել է, որ ինքը հեղաշրջման զոհ է դարձել: Նա ասել է, որ հեռանում է, որպեսզի «պաշտպանի քաղաքական դաշնակիցներին, որոնց տները հրդեհվել էին բողոքի ակցիաների ժամանակ»: Հեռուստատեսային ելույթում Մորալեսը կոչ է արել ցուցարարներին դադարեցնել «հարձակվելը քույրերի և եղբայրների վրա, դադարել հրդեհել և ավերել»:
Մայրաքաղաք Լա Պասի փողոցներում մինչև հիմա տոն է: Բոլիվիացիները նշում են նախագահի հեռանալը: Սակայն եթե ժողովրդի մի զանգվածի համար նա ոչ ժողովրդավար նախագահ էր, ապա մի զանգվածի համար էլ, նամանավանդ աղքատ բոլիվիացիների, նա նախագահ էր, ով «ձայն տվեց միլիոնավոր մարդկանց»: Մորալեսն իր ղեկավարման տարիներին կարողացել է նվազեցնել սոցիալական բևեռվածությունը Հարավային Ամերիկայի ամենաաղքատ երկրում, գրում է լրատվամիջոցը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Էվո Մորալեսը հայտարարել էր երկրի ղեկավարի նոր ընտրություններ անցկացնելու մասին: Այս հայտարարությունը հետևել էր երկրում տեղի ունեցող ցույցերին և Ամերիկյան պետությունների կազմակերպության՝ ձայների վերահաշվարկի մասին զեկույցի հրապարակմանը:
«Ես որոշում եմ կայացրել, առաջին հերթին, ամբողջությամբ թարմացնել Գերագույն ընտրական դատարանի կազմը, երեքշաբթի նշանակել նոր համընդհանուր ընտրութուններ, որոնց միջոցով ժողովուրդը կկարողանա ժողովրդավարական եղանակով ընտրել նոր քաղաքական գործիչների»,- հայտարարել էր Մորալեսը` տեղի հեռուստաալիքով հեռարձակվող ասուլիսի ժամանակ:
Նա նաև դիմել էր ժողովրդին՝ խնդրելով «նվազեցնել լարվածությունը» և «վերջ դնել բռնությանը՝ հանուն բոլորի»:
Բողոքի ցույցերը հարավամերիկյան երկրում սկսվել էին հոկտեմբերի 20-ին: Այս ընթացքում 380 մարդ է տուժել: Անկարգությունների և ցույցերի համար պատճառ են դարձել ընտրությունների ձայների հաշվարկի արդյունքները:
Ամերիկյան պետությունների կազմակերպությունը, որը դիտորդ է հանդիսանում, ստուգումների արդյունքում մի շարք խախտումներ է հայտնաբերել:
